Բրեդլի Քուփերն առաջին անգամ անդրադարձել է իր եւ Լեդի Գագայի սիրավեպի մասին լուրերին

15:19   19 նոյեմբերի, 2021

Բոլորը հիշում են Բրեդլի Քուփերի եւ Լեդի գագայի լեգենդար զուգերգը «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում։ Աստղերը կատարեցին «Աստղը ծնվեց» ֆիլմի սաունդթրեքը, եւ այնքան համոզիչ տեսք ունեին՝ սիրահարների խաղալով, որ երկրպագուներն անմիջապես սկսեցին խոսել նրանց սիրավեպի մասին։

Նույն ժամանակ չորս տարվա հարաբերություններից հետո Բրեդլի Քուփերը բաժանվեց դստեր մորից՝ սուպերմոդել Իրինա Շեյքից։ Անմիջապես լուրեր տարածվեցին, որ դերասանը նրան դավաճանել է Գագայի հետ։ Գագան բազմաթիվ անգամներ հերքել է կապը դերասանի հետ, իսկ Քուփերը զերծ էր մնում մեկնաբանություններից։

Օրերս թողարկվել է «The Hollywood Reporter» ամսագրին տված Բրեդլիի հարցազրույցը, որում «Գուչիի տուն» ֆիլմում Լեդի Գագայի նոր դերի մասին խոսելիս նա առաջին անգամ անդրադարձել է դերասանուհու հետ հարաբերություններին։

Նա պարզաբանել է, թե ինչու իրենց ելույթն «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում, երբ նրանք կատարել են «Shallow» երգը, երկու սիրահարների կատարման էր նման։ Քուփերը պարզապես Գագային առաջարկել է երգել միմյանց եւ ոչ թե հանրության համար։ Նրա կարծիքով՝ «դա կիջեցներ անհանգստության մակարդակը» մեծաքանակ լսարանի առաջ ելույթ ունենալու ընթացքում։

«Ֆիլմի այս տեսարանում հերոսները, կարծես, սիրահարվում են միմյանց։ Դա տեղի է ունենում բեմում՝ հազարավոր մարդկանց աչքի առաջ։ Տարօրինակ կլիներ, եթե մենք աթոռին նստած լինեինք դեպի լսարանը»,- նշել է դերասանը։

 Լուսանկարը՝ VINCENZO PINTO/GETTY IMAGES



© NEWS.am STYLE