Արմեն Ջիգարխանյանի Արբատում գտնվող բնակարանի համար պատերազմը նոր ուժով է բռնկվել

20:08   21 նոյեմբերի, 2021

Մոսկվայում նոր ուժով պատերազմ է բռնկվել հայտնի դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ժառանգության համար, որը երկու տարի առաջ հեռացել է կյանքից։ Մասնավորապես, գայթակղության առարկա է դարձել Արբատում ԽՍՀՄ ժողովրդական արտիստի բնակարանը, որտեղ այժմ բնակվում է նրա երկրորդ կինը Տատյանա Վլասովան։ Դերասանուհին պնդում է, որ գործարար Յուրի Ռաստյոգինը ցանկանում է իրենից խլել ունեցվածքը։ Այժմ գործարարին է պատկանում անշարժ գույքի 50%-ը, մյուս կեսը պատկանում է իրեն։

«Նա կարող է չանհանգստանալ, ես նրան չեմ վտարի բնակարանից, իհարկե։ Անհանգստանալու կարիք չկա, բնավ։ Ինչու պետք է հանկարծ մարդուն բնակարանից վտարեմ։ Նախ, նա ունի այնտեղ բնակվելու լիարժեք իրավունք, քանի որ հանդիսանում է բնակարանի երկրորդ կեսի սեփականատերը։ Իսկ երկրորդ՝ ամռանը մենք նրա հետ հանդիպել ենք, եւ ես հաստատել եմ իմ մտադրությունները», — ժպտում է Յուրի Եվգենեւիչը։

Ռաստյոգինի պնդմամբ՝ նա տեսել է Տատյանա Վլասովային եւ նրա որդի Ստեփանին, որպեսզի նրան երկու տարբերակ առաջարկի։ Նախ, նա միշտ հնարավորություն ունի մնալ բնակարանում։ Սակայն կա նաեւ երկրորդ տարբերակը, որը շատ ավելի լավն է. գործարարը նրան ավելի հարմարավետ բնակարան կգնի, իսկ Արբատի բնակտարածքը կվերածվի Արմեն Բորիսովիչի թանգարանի: Յուրի Ռաստյոգինը վստահեցնում է, որ հենց այդպիսին էր Ջիգարխանյանի վերջին կամքը, եւ, իբր, հենց այդ պատճառով էլ նա բնակարանի կեսը գրանցել է գործարարի անունով:

Ի դեպ, Տատյանա Վլասովան կասկածում է, որ իրեն ցանկանում են թողնել առանց բնակարանի: Առաջին ալիքի եթերում դերասանուհին հայտարարել է, որ Ռաստյոգինը թքած ունի Ջիգարխանյանի հիշատակի վրա, իսկ բնակարանի հանդեպ հավակնություններ ունի անշարժ գույքի շուկայում դրա բարձր արժեքի պատճառով: Աստղը մտադիր չէ դուրս գալ, նույնիսկ եթե ատրճանակով սպառնան։  

«Ես գիտեմ, որ ոչ մի թանգարան չի լինի։ Դա անշարժ գույքի շորթում է։ Կա Արմեն Բորիսովիչի արխիվը։ Սակայն ինձ ոչ ոք չի հարցրել, թե որտեղ է այն գտնվում ընդհանրապես։ Ինչի՞ց է թանգարան սարքելու», - տաքացած արտահայտվել է Տատյանա Սերգեեւնան։

 

 

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE