«ABBA», Լեդի Գագա, Բիլի Այլիշ․ հայտարարվել են «Գրեմմիի» հավակնորդների անունները

09:14   24 նոյեմբերի, 2021

Շվեդական «ABBA» խումբը, ամերիկացի երգիչներ Ջոն Բատիստը, Բիլի Այլիշը եւ Լեդի Գագան «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում «Գրեմմի» մրցանակի են հավակնում, հայտնում է մրցանակաբաշխության կայքը։

Ամենաշատ՝ 11 անվանակարգում առաջադրված է ամերիկացի երաժիշտ, «Stay Human» խմբի առաջնորդ Ջոն Բատիստը։ Նա առաջ է անցել Ջասթին Բիբերից, Doja Cat-ից եւ H.E.R.-ից (յուրաքանչյուրն առաջադրված է ութական անվանակարգում), ինչպես նաեւ Բիլի Այլիշից (7):

Ամերիկյան «Գրեմմի» մրցանակը յուրաքանչյուր տարի հանձնվում է 86 անվանակարգում երաժշտական տարբեր ժանրերում եւ երաժշտական բիզնեսի ոլորտներում նվաճումների համար։ Այս անգամ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022թ․-ի հունվարի 31-ին։ Այն անց կկացվի «Սթեյփլս կենտրոնում»՝ Լոս Անջելեսում։

Grammy-2021-ն անց է կացվել մարտի 14-ին Լոս Անջելեսում, Նյու Յորքում եւ Նեշվիլում առցանց ռեժիմով։ «Տարվա երգ» մրցանակը հանձնվել է H.E.R.-ին «I Can't Breathe» կոմպոզիցիայի համար։ Հիմնական անվանակարգերում մրցանկաներ են ստացել նաեւ Megan Thee Stallion-ը, Բիլի Այլիշը եւ Թեյլոր Սվիֆթը։ Բեյոնսեն, մրցանակաբաշխության արդյունքներով, դարձել է կարիերայի ընթացքում ամենաշատ արձանիկներ ստացած երգչուհին։

 



© NEWS.am STYLE