Մահացել է ռեժիսոր Վլադիմիր Նաումովը, որը նկարահանել է հայ լեգենդար հետախույզների մասին «Թեհրան 43» ֆիլմը

16:11   29 նոյեմբերի, 2021

94 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խորհրդային «Թեհրան 43» եւ «Վազք» ֆիլմերի հեղինակ Վլադիմիր Նաումովը։ Այս մասին հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը։

Նաումովը ռեժիսոր Ալեքանդր Ալովի հետ նկարահանել է նաեւ «Լեգենդ Տիլի մասին», «Գարշելի զավեշտ» ժապավենները։

1983թ․-ին Նաումովին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել։ 2007թ․-ին ռեժիսորին պարգեւատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

«Թեհրան 43» գեղարվեստական ֆիլմը պատմում է «Երկար թռիչք» օպերացիայի մասին․ գերմանական օպերացիայի նպատակն էր 1943թ․–ի Թեհրանի համաժողովի ընթացքում սպանել հակատիտլերյան կոալիցիայի ղեկավար «մեծ եռյակին»՝ Իոսիֆ Ստալին, Ուինսթոն Չերչիլ եւ Ֆրանկլին Ռուզվելտ։

Խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանն Իվան Աղայանցի ղեկավարությամբ Թեհրանում գործակալների փոքր խումբ հավաքեց։ Վարդանյանի խումբը, որում ներառված էր նաեւ նրա ապագա կինը՝ Գոհարը, խափանել է Մեծ եռյակի առաջնորդների նկատմամբ գերմանացի նացիստների մահափորձը, հետագայում մասնակցել բազմաթիվ այլ օպերացիաների, որոնցից շատերը մինչ այժմ գաղտնի են պահվում։ 

 



© NEWS.am STYLE