Արդյո՞ք բազմակնությունը կփրկի Հայաստանը. պատասխանում է սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը

14:41   23 հոկտեմբերի, 2013

Հայաստանի դեմոգրաֆիական տխուր ցուցանիշները պայմանավորված են արտագաղթով, անպտղության, ամուսնալուծության ցուցանիշների աճով: Դեմոգրաֆիական խնդիրները, սակայն, բազմակնությամբ չեն լուծվի:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «արդյո՞ք բազմակնությամբ կարելի է մեր երկրի դեմոգրաֆիական ցուցանիշները փոխել» հարցին ի պատասխան՝ նշեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:


Նրա խոսքով, հայ ժողովուրդն աչքի է ընկել կայուն ավանդույթներով, պահպանել ու կերտել է իր ազգային նկարագիրը: Այսինքն՝ բազմակնությունն օրինականացնելը քաոսային վիճակ կառաջացնի երկրում. «Պետք է տարբերակներ առաջարկել, որպեսզի անպտուղ զույգերը լուծումներ գտնեն: Բուժումն այսօր բավական թանկ է, ինչն էլ հանգեցնում է ծնելիության նվազմանը: Պետք է շեշտը դնել ընտանիքի ամուր հիմքերի ստեղծման վրա: Եթե ծնելիության խնդիրը լուծելու համար դիմենք բազմակնության, այդ դեպքում ո՞ւր մնացին ընտանիքի ամրությունը, ներդաշնակությունը»:


Ասուլիսին ներկա հոգեբան Սիրինա Առաքելյանի կարծիքով էլ, ժողովրդագրական խնդիրները կարելի է լուծել բազմազավակ ծնողների, ընտանիքների համար լավ պայմաններ ապահովելով, բիզնես կամ այլ գործունեություն ծավալելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելով, ֆինանսական աջակցություն ցուցաբերելով: «Այլ մշակույթի մոդելը վերցնելն ու տեղայնացնելը կարող է հայ հասարակության մեջ բավական զավեշտալի վիճակ առաջացնել, անհարկի թվալ: Բազմակնությունը հոգեհարազատ չէ հայ կնոջ հոգեբանությանը, այսինքն` հեշտ չի տեղայնացվի: Բազմաթիվ հայ կանայք չեն համակերպվի»,- ընդգծեց հոգեբանը: 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE