«Ապրելու ցանկություն». արցախցի կինոռեժիսորի ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել

12:51   3 դեկտեմբերի, 2021

Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում: Մարիամ Ավետիսյանը ճանաչվել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր:

«Արցախպրեսի» հետ զրույցում  Մարիամ Ավետիսյանը նշել է, որ ֆիլմը ցույց է տալիս հետպատերազմյան կյանքն Արցախում, պատերազմի թողած հետեւանքներն այստեղ բնակվող մարդկանց վրա:

«Ֆիլմի գաղափարն առաջացել է պատերազմի օրերին: Անընդհատ մտածում էի՝ ինչ կարող եմ անել հայրենիքիս օգնելու, Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, ինչ-որ բան փոխելու համար: Եվ որոշեցի պատերազմի ավարտից հետո ֆիլմ նկարել Արցախի, արցախցիների մասին: Ֆիլմի անվան շուրջ շատ եմ մտածել։ Եվ երկար քննարկումներից հետո մայրիկիս հետ ընտրեցինք «Ապրելու ցանկություն»֊ը, քանի որ այն բնորոշ է բոլորիս, արցախցիները ցանկանում են ապրել իրենց հայրենիքում»,- ասել է նա։ Կինոռեժիսորի խոսքով՝ ֆիլմը ներկայացվել է տարբեր փառատոնների Տորոնտոյում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում, Ռուսաստանում եւ ունեցել հաջողություններ։



© NEWS.am STYLE