Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ին մասնակցության հայտ է ներկայացրել

18:59   7 դեկտեմբերի, 2021

Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը մասնակցության հայտ է ներկայացրել Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի 79-րդ «Ոսկե գլոբուս» ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն արտասաhմանյան ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

«Ոսկե գլոբուսի» կայքում այդ առիթով հարցազրույց է հրապարակվել Նորա Մարտիրոսյանի հետ։ Ըստ սյուժեի՝ Ալենը` ազգությամբ ֆրանսիացի, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախի Հանրապետության՝ բոլորովին նոր կառուցված օդանավակայան։  Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին վերաբացվելու համար:

«Ֆիլմում օդանավակայանը մարմնավորում է ճանաչման հույսն ու խորհրդանիշն է այն երկրի, որը երազում է թռչել, բայց որին դա թույլ չեն տալիս»,- նշել է Նորա Մարտիրոսյանը։

Ռեժիսորը նշել է, որ 2020թ․-ի սեպտեմբերին պատերազմից հետո ֆիլմը դարձել է 26 տարվա հրադադարի արխիվ, «երկրի գոյության անհերքելի ապացույց, որը երազում էր ճանաչման մասին, բայց որը, մերժված միջազգային հանրության կողմից, զրկվել է իր տարածքներից եւ հույսից»։

«Ոսկե գլոբուս» 79-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022թ․-ի հունվարի 9-ին։ Հավակնորդների անունները կհայտարարվեն դեկտեմբերի 13-ին։



© NEWS.am STYLE