Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը Տաշքենդից մրցանակով է վերադարձել

12:34   9 դեկտեմբերի, 2021

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի ժյուրիի անդամների որոշմամբ զբաղեցրել է 3-րդ տեղն ու արժանացել մրցանակի, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտաի նախարարությունը։

Մրցութային ժյուրիի կազմում էին արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Մուխաբատ Տուլյախոջաեւան (Ուզբեկստան), ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը, ՌԴ ժողովրդական արտիստ Ելենա Յակովլևան, կինոյի եւ թատրոնի դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ Ալեքսանդր Ֆեկլիստովը, ՌԴ վաստակավոր արտիստ Իգոր Զոլոտովիցկին, արվեստագիտության թեկնածու, թատերագետ, թատերաքննադատ Մարիա Խալիզևան։

Դեկտեմբերի 4-ին «Իլխոմ» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով ցուցադրել է Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման։ Ներկայացման դերակատարներն էին Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը (նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձեւավորումը` Գոռ Մարգարյանի):

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին Քիշնևում (Մոլդովա), երկրորդ անգամ` 2015 թվականին Մինսկում (Բելառուս), երրորդ անգամ՝ 2018 թվականին Հայաստանում (Երևան): Ֆորումի նպատակը ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ) միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումն է, ինչը համընդհանուր երիտասարդական թատերական հարթակ ստեղծելու և սերտ համագործակցության համար խթան է:

 

 



© NEWS.am STYLE