Հանգուցյալ Վիրջիլ Աբլոյի փոխարեն․ Քանյե Ուեսթը կարող է դառնալ Louis Vuitton-ի կրեատիվ տնօրենը

15:19   9 դեկտեմբերի, 2021

Վիրջիլ Աբլոյի մահվանից հետո Louis Vuitton ապրանքանիշը դիտարկում է Քանյե Ուեսթի թեկնածությունը տղամարդկանց հավաքածուի ստեղծագործական տնօրենի պաշտոնում։ Դիզայներն ու երաժիշտը ընկերություն էին անում 12 տարի։

«Քանյեին վշտացրել է Վիրջիլի մահը, քանի որ նրանք երկար տարիներ ընկերներ էին եւ շատ են աշխատել միասին։ Նրանք նմանատիպ տեսլական ունեին, եւ հիմա Քանյեն զգում է, որ պարտավոր է ընկերոջ աշխատանքը շարունակել Louis Vuitton-ում»,- հայտնել է The Sun-ի աղբյուրը։

Քանյե Ուեսթն ու Վիրջիլ Աբլոն նորաձեւության աշխարհում բազմաթիվ անգամներ համագործակցել են՝ հագուստի հաջողակ հավաքածուներ ստեղծելով։ Աբլոն նույնիսկ ղեկավար պաշտոն է զբաղեցրել Ուեսթի «DONDA» գործակալությունում։

Դիզայները նոյեմբերի վերջին մահացել է քաղցկեղի հազվադեպ տեսակի դեմ երկու տարվա պայքարից հետո։ Նա 41 տարեկան էր։

Լուսանկարը՝ Pascal Le Segretain/Getty Images



© NEWS.am STYLE