«Hard Rock Cafe»-ն գալիս է Երեւան (ֆոտո)

14:49   13 դեկտեմբերի, 2021

2022 թվականի երկրորդ կիսամյակում Երեւանի սրտում՝ Պուշկինի 3/1 հասցեում գտնվող յուրահատուկ ճարտարապետական ոճ ու պատմություն ունեցող շենքում, կգործի համաշխարհային ճանաչում ունեցող «Hard Rock cafe Yerevan»-ը։ Իր տեսակի մեջ եզակի, ժամանակակից ինտերիեր, կենդանի ռոք երաժշտություն, տարբեր ժամանակների աշխարհահռչակ ռոք արտիստների եւ խմբերի նվիրաբերած կամ նրանցից գնված իրերի ցուցադրություններ։

 Նախագիծն իրականացնում են աշխարհի ավելի քան 68 երկրում ներկայացված, Forbes-ի կողմից լավագույն գործատու կոչմանն արժանացած, Delloitte Private-ի եւ The Wall Street Journal-ի կողմից ԱՄՆ լավագույն կառավարվող ընկերություն ճանաչված Hard Rock International-ը եւ Hard Rock Cafe-ի Երեւանի ֆրանչայզինգի գործընկեր «Dome Arena» ընկերությունը, որը հիմնադրվել է «Food Republic» ընկերության եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կողմից։

ARK_6624.JPG (167 KB)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2022 թվականին սպասվող այս իրադարձության մասին խոսեցին Hard Rock International ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեզը, «Food Republic» ընկերության հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ ԲԲԸ-ի տնօրեն Բելլա Մանուկյանը։ Hard Rock Cafe Yerevan-ի հյուրերին սպասվելու է համերի իսկական հրավառություն։ Գործելու է նաեւ աշխարհահռչակ «Rock Shop»-ը, որտեղ ռոքասերները կարող են գտնել ռոքին առնչվող ամեն ինչ՝ հուշանվերներ, գլխարկներ, աքսեսուարներ եւ այլն։

ARK_6615.JPG (168 KB)

«Մենք ուրախ ենք, որ մեր ընկերության համար հոբելյանական 50-րդ տարում Հայաստանը դարձավ Hard Rock ընտանիքի անդամ։ Հայաստանում մենք կստեղծենք շուրջ 100 աշխատատեղ։ Հավատում ենք, որ մեր առաջարկած հնարավորությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի սպասարկման ոլորտի վրա։ Մենք խոստանում ենք մեր բրենդի ոգին եւ փիլիսոփայությունը բերել երաժշտական եւ սննդային ավանդույթներով հարուստ այս երկիր՝ ներկայացնելով նշանակալի դեր ունեցող այս ռեստորանի ժամանակակից տեսլականը։ Տարիների մեր փորձին եւ համաշխարհային երաժշտական մշակույթին ծանոթությունը միայն մի փոքր մասն են այն ամենի, ինչ սպասվում է Հայաստանի Hard Rock Cafe-ի ժամանումից հետո», - նշեց Hard Rock International ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեզը։

ARK_6617.JPG (162 KB)

Արսեն Հովհաննիսյանն ասաց, որ սրճարանում, որի տարածքը բավականին մեծ է (1000քմ) հնարավորություն կլինի հյուրընկալել մոտավորապես 290-ից ավել մարդկանց, իսկ որոշ համերգների դեպքում՝ նույնիսկ մինչեւ 500 մարդու։ «Մենք մի քանի հաջողված նախագծեր, ինչպես նաեւ հյուրընկալության ոլորտում բավականին փորձ ունենք։ Բայց նման գործընկերոջ հետ համագործակցությունը նոր նշաձող, մրցակցային նոր ստանդարտ կսահմանի մեզ համար, խթան կհանդիսանա ոլորտում։ Նաեւ կանաչ լույս կվառի մյուս համաշխարհային խաղացողների համար»,- եզրափակեց «Food Republic» ընկերության հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը։

 

Լուիզա Գումրոյան

 



© NEWS.am STYLE