Ջութակահար Էդգար Հակոբյանը Դմիտրի Դիբրովից եւ Վիկտորիա Լոպիրեւայից արձանիկ է ստացել

21:15   25 հոկտեմբերի, 2013

Հայկական արմատներով հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանն Օքսանա Ֆեոդորովայի MODA topical ամսագրի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա առաջընթաց» հեղինակավոր մրցանակի է արժանացել:

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Կրասնոպրեսնենսկի կիրճում գտնվող «Ճայ» ռեստորան-զբոսանավի վրա: Սա երրորդ մրցանակաբաշխությունն էր, որտեղ տարբեր անվանակարգերում առաջադրվում են շոու-բիզնեսի հաջողակ ներկայացուցիչները:

«Ջութակի հեղափոխություն» համերգն Էդգարին հնարավորություն տվեց հայտնվել թեկնածուների շարքում եւ Դմիտրի Դիբրովից ու Վիկտորիա Լոպիրեւայից արձանիկ ստանալ: Ջութակահարը նաեւ կատարել է Z-File ստեղծագործությունը:

«Ինձ ընձեռված պատվի համար շնորհակալ եմ ամսագրի խմբագրությանը` ի դեմս Քրիստինե Թորոսյանի: Ուրախ եմ, որ այս հեղինակավոր մրցանակը ստանում եմ այսքան արժանավայել մարդկանց հետ: Այս մրցանակը վառ ապացույցն է այն բանի, որ «Ջութակի հեղափոխությունը» կայացել է: Վստահ եմ, որ սա երկար եւ հետաքրքիր ճանապարհի սկիզբն է միայն»,- նշել է Էդգարը:

Այս տարի նվիրական մրցանակների համար Էդգարի հետ բեմ են բարձրացել Սլավան, Ալեքսեյ Չումակովը, Յուլիա Կովալչուկը, Յանա Ռուդկովսկայան, Քսենիա Սոբչակը, Գարիկ Խարլամովը, Քրիստինա Ասմուսը եւ շատ ուրիշներ:



© NEWS.am STYLE