Տավիտյան եղբայրներն ու Գորան Գեշովսկին՝ Mezzo Classic HOUSE-CLUB-ում (ֆոտոռեպորտաժ)

14:32   25 հոկտեմբերի, 2013

Մակեդոնիայից ժամանած ջազային եռյակը՝ Տիրան (դաշնամուր) եւ Կարո (հարվածային գործիքներ) Տավիտյան եղբայրները, ինչպես նաեւ Գորան Գեշովսկին (էլեկտրոբաս) երեկ երեկոյան՝ հոկտեմբերի 24-ին, ելույթ ունեցան Երեւանի Mezzo Classic HOUSE-CLUB-ում՝ հայկական ջազի 75-ամյակին նվիրված «ARM JAZZ WEEK-75» Ջազի շաբաթվա շրջանակում:

Միջոցառման կազմակերպիչն ու հովանավորը Mezzo Production ընկերությունն է:

Ակումբի այցելուները վայելեցին երաժիշտների կատարմամբ աշխարհահռչակ դասականների՝ Մորիս Ռավելի, Պյոտր Չայկովսկու եւ այլոց ստեղծագործությունների աշխույժ ջազային իմպրովիզացիաները, որոնք տարբերվում էին զարմանալի թարմ եւ յուրօրինակ հնչողությամբ:

NEWS.am STYLE-ի թղթակցին հատկապես հետաքրքրեց Գորան Գեշովսկու էլեկտրոբաս կիթառը, որը տարբերվում էր ոչ միայն խոր հնչողությամբ, այլեւ արտասովոր, ավելի երկարավուն տեսքով:

Երաժիշտը պատմեց, որ գործիքը ձեռքի աշխատանք է (handmade) եւ տարբերվում է համեմատաբար թեթեւ քաշով:

Հայկական ծագմամբ մակեդոնացի երաժիշտներ Տավիտյան եղբայրներն արդեն հանդես են եկել ավելի քան 400 համերգով, որոնք կայացել են ամբողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Բալկաններում: Նրանք երաժշտական բազմաթիվ մրցանակների դափնեկիրներ են, ելույթ են ունեցել եւ համագործակցել այնպիսի հանրահայտ երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռհանի Քրիջան, Ռեյ Չարլզը, Չիկ Կորիան, Գորան Բրեգովիչը, Մայքլ Ջեքսոնը եւ այլք:

Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE