Մավր Մկրտչյանը չի վախենում բացասական կարծիքներ լսել. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

22:29   25 հոկտեմբերի, 2013

Նոյեմբերի 9-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալու է ժողովորդական երգերի կատարող Մավր Մկրտչյանի մենահամերգը` ժամանակակից եւ ժողովրդական գործիքների նվագակցությամբ: NEWS.am STYLE-ը որոշեց պարզել մանրամասները:

Մավր, ինչո՞ւ եք ընտրել հենց ժողովրդական երգը:

Ծնվել ու մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ միշտ ժողորդական երաժշտություն եմ լսել: Ժամանակի ընթացքում աշխարհայացքս ձեւավորվել է այնպես, որ ժողովրդական երգը դարձել է ներկայանալու ձեւ: Այն ինձ համար արտահայտվելու միջոց է:

Այսօր որքանո՞վ է այդ ժանրն արդիական:

Քանի որ մենք հայ ենք, այդ հարցը երաժշտական այլ ոլորտների համար պետք է հնչեր: Ազգային երգն առանց քննարկման հայի համար պետք է լինի ամենաարդիական եւ պահանջված ժանրը, առավել եւս՝ մեր օրերում:

 

Շուտով հանդես եք գալու մենահամերգով: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Սա իմ առաջին մենահամերգն է, սպասելիքս միայն հանդիսատեսի գնահատականն է՝ դրական եւ բացասական:

Պատրա՞ստ եք բացասական կարծիքներ լսել:

Ինձ համար առողջ քննադատություն լսելը վեր է գովասանքից:

Վստա՞հ եք, որ դահլիճը լեփ-լեցուն կլինի:

Հիմք ընդունելով տարբեր մարդկանց կարծիքներն ու արձագանքները՝ առաջ եկավ մենահամերգով հանդես գալու գաղափարը: Ժամանակի ընթացքում այն դարձավ գործնական քայլ, կարծում եմ՝ մեր հույսերը կարդարանան: Դեռ բավական ժամանակ կա մինչեւ մենահամերգի օրը, արդյունքներն արդեն իսկ խոստումնալից են:

Ի՞նչ երգացանկով եք հանդես գալու:

Ներկայանալու եմ այն ոճով, որով հանդիսատեսն ինձ ճանաչեց: Համերգի ընթացքում կփորձեմ մատուցել այնպիսի երգեր, որոնք հետագայում կլինեն իմ երգացանկի որոշ մասը: Ավելացնեմ, որ ընտրված երգերի մեծ մասը հանդիսատեսն իմ կատարմամբ կլսի առաջին անգամ: Ընդունված չափանիշներից փոքր-ինչ դուրս է լինելու համերգային ծրագիրը: Աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ՝ գիտակցելով, որ ինչ-որ առումով սա համարձակ քայլ է իմ կողմից: Լինելով երիտասարդ կատարող՝ ցանկանում եմ հնարավորինս անաղարտ ցույց տալ մեր ունեցած հարստությունը: Այս է իմ նպատակը:

Զուգերգ լինելո՞ւ է:

Ոչ:

Մենահամերգից հետո ի՞նչ ծրագրեր կան:

Մինչեւ տարեվերջ կնկարահանվի իմ երկրորդ տեսահոլովակը, զուգահեռ աշխատում ենք նաեւ առաջին ձայնասկավառակի ուղղությամբ: Դրանում ներառվելու են միայն Կոմիտասի ստեղծագործությունները:

Ի՞նչ կմաղթեք հանդիսատեսին:

Հուսով եմ, որ այդ օրը հիշարժան կդառնա իմ եւ հանդիսատեսի համար:



© NEWS.am STYLE