Փարաջանովի «Տրիպտիխ»-ն ընդգրկվել է Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ազգային հավաքածուում

10:00   17 դեկտեմբերի, 2021

Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուում ներառելու նպատակով դեկտեմբերի 15-ին կայացել է Սերգեյ Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) եւ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) վերականգնված ֆիլմերի նոր՝ 35մմ ժապավենների հանձնման արարողությունը: Նույն օրը Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի (Musée National d’Art Moderne) սրահում տեղի է ունեցել ֆիլմերի ցուցադրությունը, հայտնում է Հայաստանի ազգային կինեկենտրոնը։

Բացման խոսքով հանդես է եկել Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի տնօրեն Քսավիե Ռեյը: Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Ֆրանսիայում Հայստանի դեսպան տիկին Տոլմաջյանը: Ս. Փարաջանովի երեք ֆիլմերի վերականգնման ամբողջ ընթացքը պրեզենտացիայի միջոցով պատկերավոր ներկայացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր, «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր եւ ֆիլմերի վերականգնման փորձագետ Դանիել Բըրդը: Միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը եւ ՀԲԸՄ ֆրանսիայի մասնաճյուղի ներկայացուցիչները։

Ի դեպ, Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան»-ը (1967թ.) առաջին հայկական ֆիլմն է, որն ընդգրկվեց Պոմպիդու կենտրոնի թանգարանի հավաքածուում:

Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Համո Բեկնազարով նախագիծ» կազմակերպության կողմից:

 



© NEWS.am STYLE