Սուրճի մրուրով նկարող Նիկոլայ Միրումյանը Հայաստանում իր աշխատանքներն է ներկայացրել (վիդեո)

21:49   25 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 25-ից 28-ը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում նկարների ցուցահանդես է լինելու: Նկարները, սակայն, ներկերով չեն ստեղծված:

Նկարիչ եւ դիզայներ Նիկոլայ Միրումյանն իր գործընկերներից տարբերվում է սուրճի նկատմամբ յուրահատուկ հակումով: Բայց ոչ թե ըմպելիքի, այլ՝ մրուրի: Հենց դրա միջոցով է նկարիչը թղթի վրա պատկերում իր աշխարհայացքը, մտքերն ու երեւակայությունը: Նկարչի հետ NEWS.am STYLEհարցազրույցից հետո նրան առաջարկեցին Հայաստանում ցուցադրություն կազմակերպել:

Հպարտ լինելով միջոցառման կազմակերպչական աշխատանքներում կարեւոր մասնակցություն ունենալու մեջ, NEWS. am STYLE-ը Նիկոլային խնդրեց մանրամասներ ներկայացնել:

«Գարնանը` ձեր կայքի հրապարակումից հետո, Հայաստանից ցուցահանդես կազմակերպելու երկու առաջարկ ստացա: Մասնավորապես` ինձ հետ կապ հաստատեց Royal Armenia ընկերությունից Մինաս Համբարձումյանը: Պայմանավորվեցինք աշնանը ներկայացնել իմ աշխատանքները, քանի որ գարնանը ես չէի կարող գալ: Իմ ոչ բոլոր նկարներն են ներկայացված, առաջարկվող ցուցասրահի պայմաններից ելնելով՝ ընդամենը 20 նկար եմ բերել: Դրանցից 5-ը վերարտադրություն են, մնացածը՝ բնօրինակներ: Ի դեպ, նկարները լամինացված են եւ թռիչքի ընթացքում չեն վնասվել»,- նշեց Նիկոլայը:

Ավելի վաղ նկարիչը պատմել էր, թե ինչպես սկսեց ստեղծել այդ նկարները. «Հանկարծակի ստացվեց. 2008-ին էր, երբ երկար ընդմիջումից հետո կրկին եկա Հայաստան: Մտածելակերպի մասին չեմ կարող ասել, բայց մեծ դերակատարում ունեցավ երկրում առկա պաշտամունքը սուրճի նկատմամբ: Մինչ այդ ես երբեք բնական սուրճ չէի խմել: Իսկ այստեղ ուր գնում ես՝ սուրճ են առաջարկում: Սկզբում հրաժարվում էի, բայց մի օր որոշեցի փորձել: Պարզվեց` շատ համեղ է:

Նկարելու միտքը փորձնական էր, իսկ գաղափարն առաջացավ սուրճի մրուրով գուշակության արարողությունից: Բաժակի հատակին եւ պատերին մրուրից առաջացող կերպարները գրաֆիկական տեսք ունեին: Ես մտածեցի. իսկ ինչո՞ւ մրուրը չօգտագործել որպես ստեղծագործելու միջոց: Բացի այդ, այս ամենի մեջ առեղծվածային բան կա: Կարծում եմ՝ շատ դեպքերում նկարները դրանով են ավելի հրապուրիչ թվում»:

Տեքստը՝ Մարինա Ադուլյանի

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE