Գոհար Հարությունյանը՝ կորոնավիրուսի պատճառով «Միսս Աշխարհ»-ի հետաձգման ու Հայաստանի մասնակցի առողջական վիճակի մասին

20:05   17 դեկտեմբերի, 2021

«Միսս Աշխարհ 2021» մրցույթի եզրափակիչը, որը նախատեսված էր դեկտեմբերի 16-ին, հետաձգվել է մասնակիցներից ու անձնակազմից մի քանիսի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով: Հայաստանը մրցույթում ներկայացնում է 19-ամյա Միրնա Պստիկյանը, որը Երեւան կվերադառնա դեկտեմբերի 19-ին: NEWS.am STYLE-ը հայ մասնակցի առողջական վիճակի մանրամասների շուրջ զրուցել է «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի հետ, որը նշեց, որ Միրնայի թեստի պատասխանը բացասական է եղել.

«Միրնան, բարեբախտաբար, չի վարակվել: Չգիտեմ՝ ինչպես է ստացվել, որ շատերն են վարակվել, քանի որ բացառապես բոլորը պատվաստվել էին մինչ Պուերտո Ռիկո մեկնելը: Այն աղջիկները, որոնց թեստերի պատասխանները բացասական են եղել, արդեն վերադառնում են իրենց երկրներ, Միրնան էլ կվերադառնա առաջիկայում: Իսկ վարակված մասնակիցներն ու անձնակազմի անդամները դեռեւս կմնան այնտեղ»,-հավելեց Գոհարը, որն անդրադարձավ նաեւ ստեղծված իրավիճակին ու մրցույթի հետաձգմանը.

«Շատ երկրներից մեծ պատվիրակություններ եւ երկրպագուներ էին գնացել Պուերտո Ռիկո, բավական քաոսային իրավիճակ է ստեղծվել, այս առումով կարելի է ասել` մենք այդքան չենք տուժել, որովհետեւ մեծ թիմ չենք ուղարկել այնտեղ, դրա համար փորձում ենք բարձր պահել մեր տրամադրությունը եւ սպասում ենք, որ Միրնան առողջ վերադառնա»:

Հարցին՝ արդյոք հայտնի՞ է, թե ինչպես է ընթանալու մրցույթի հետագա ընթացքը եւ արդյոք Միրնան վերադառնալո՞ւ է Պուերտո Ռիկո՝ եզրափակչին մասնակցելու համար, Գոհարը պատասխանեց.

«Դեռեւս չգիտենք՝ ինչպես կընթանա եզրափակիչը: Կարծում եմ՝ գուցե կվերադառնան այն մասնակիցները, որոնք արդեն նախապես ընտրված կլինեն ժյուրիի կողմից, եւ Միրնայի վերադարձն էլ կախված կլինի այդ գործոնից»:

Հիշեցնենք, որ «Միսս Աշխարհ 2021» մրցույթի 97 մասնակիցներից 23-ի եւ անձնակազմի անդամներից 15-ի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել, ինչի արդյունքում մրցույթը հետաձգվել է:

«Մասնակիցների շարքում, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, եղել է Մալայզիայի ներկայացուցիչ Լավանիա Շիվաջին։ Հիմա նա մեկուսացած է, սակայն «կլինիկական առումով առողջ» է»,- ասված է մրցույթի էջում։ Նշվում է նաեւ, որ մրցույթի եզրափակիչը կանցկացվի 2022 թ-ի առաջիկա ամիսների ընթացքում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE