Ճանաչված ջազմենները՝ Երեւանի Mezzo Classic HOUSE-CLUB-ում

17:12   26 հոկտեմբերի, 2013

Ավստրիայից ժամանած հայազգի ջազ-երգիչ Մայք Մոսեսյանը, ինչպես նաեւ երաժիշտների աշխարհահռչակ եռյակը՝ Նելսոն Ուիլյամս Հերրերան (պերկուսիաներ), Հովհաննես Ջիբյանը (դաշնամուր) եւ Սիմոն Դոլմազյանը (կոնտրաբաս) երեկ երեկոյան՝ հոկտեմբերի 25-ին, հայկական ջազի 75-ամյակին նվիրված «ARM JAZZ WEEK-75» Ջազի շաբաթվա շրջանակում հանդես եկան Mezzo Classic HOUSE-CLUB-ում: Երաժիշտների կատարմամբ հնչեցին դասական եւ լատինաամերիկյան ջազ երաժշտություն: NEWS.am STYLE-ի թղթակիցը զրուցել է Մայք Մոսեսյանի հետ, ով իր կենսագրությունից մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացրել:

 

Դուք երկու՝ ամբողջությամբ տարբեր մասնագիտություն ունեք. երգիչ եք եւ տնտեսագետ: Ինչպե՞ս եք համատեղում:

Ես ուշ սկսեցի զբաղվել երաժշտությամբ: Երբ փոքր էի, դաշնամուր էի նվագում, հետո դադարեցի: Բայց երբ զգացի, որ երաժշտության կարիքը շատ եմ զգում, կրկին սկսեցի դաշնամուր նվագել: Հետո հասկացա, որ դաշնամուրն ինձ համար չէ, եւ ես պետք է երգեմ: Միաժամանակ, համալսարանի միջազգային բիզնեսի բաժնում էի սովորում, սկսեցի հաճախել վոկալի դասերի, եւ, կամաց-կամաց՝ մի քիչ Ավստրիայում, մի քիչ էլ՝ Իսպանիայում, հարստացրեցի փորձս: Սկզբնական շրջանում վոկալն ինձ համար հոբբի էր. երգում էի, երբ տղաներով հավաքվում էինք, սակայն պրոֆեսիոնալ չէի զբաղվում: Մի օր էլ զգացի, որ գնալով մասնագիտանում եմ: Եվ այսօր էլ ստացվել է այնպես, որ միաժամանակ երկու մասնագիտություն ունեմ:

Դուք դասական վոկալից եք սկսել: Ձեր կարծիքով, որքա՞ն կարեւոր է դասական կրթությունը ջազում:

Դասական երաժշտական կրթությունը չափազանց կարեւոր է տեխնիկայի եւ գրագիտության տեսակետից: Սակայն ինչ վերաբերվում է վոկալին, եթե ես շարունակեի զբաղվել դասականով, այլեւս չէի կարողանա ջազ երաժշտություն կատարել, քանի որ ամբողջությամբ կփոխվեր իմ կատարողական տեխնիկան:

 

Ծնվել եւ մեծացել եք Ավստրիայում, Ձեր ծնողներն այնտեղ են տեղափոխվել Իրանից: Ինչպե՞ս եք այդքան վարժ հայերեն սովորել: Միայն ընտանիքո՞ւմ, թե մասնավոր դասերի եք հաճախել:

Վիեննայում կիրակնօրյա հայկական դպրոց էի հաճախում, բայց հայերեն միշտ էլ խոսել եմ, թեեւ բառապաշարս շատ հարուստ չի եղել: Հետո Հայաստան ավելի հաճախ այցելելու շնորհիվ պարսկահայերենս մի քիչ պակասել է, եւ ես ավելի շատ սկսել եմ խոսել Հայաստանում ընդունված հայերենով:

Զրուցեց Լիլիթ Պետրոսյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE