Լիլիթ Մարտիրոսյանը՝ մոդելների մասին կարծրատիպերի, գեղեցկության մրցույթների այս շրջանում չմասնակցելու պատճառի, 2021-ի ու նոր տարվա մասին (ֆոտո)

14:08   2 հունվարի, 2022

«Միսս Երկրագունդ Հայաստան 2015», «Միսս Բիկինի Տիեզերք 2015», «Միսս Երկիր 2017»-ի հատուկ մրցանակակիր, մոդել Լիլիթ Մարտիրոսյանն ամփոփելով 2021-ը՝ նշեց, որ նախորդ տարվա ընթացքում հասցրել է լիակատար աշխատանքի անցնել, ու խոստացավ, որ 2022-ին փորձելու է անել ավելին: NEWS.am STYLE-ը մոդելի հետ զրուցել է անցնող տարվա ու նոր ակնկալիքների մասին:

Տարին Լիլիթն ամփոփեց դիզայներ Նինա Սարկիսյանցի բրենդի 10-ամյակին նվիրված մեծամասշտաբ ցուցադրությանն իր մասնակցությամբ, որը կայացավ Ռուսաստանում, եւ որի փակումը վստահվել էր Լիլիթին:

269706017_643976720126425_49636383717615183_n.jpg (294 KB)

«Նինա Սարկիսյանցի հրավերը շատ մեծ ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ եմ ընդունել, եւ շատ ուրախ եմ, որ տարեվերջն այսքան գեղեցիկ փակվեց: Նմանատիպ մեծամասշտաբ ցուցադրությանը մասնակցելը հիանալի փորձ ու պատիվ էր ինձ համար: Կարծում եմ՝ հաջորդ տարի էլ ավելի շքեղ ու գեղեցիկ պահեր են սպասվում»,-ասաց նա:

269866297_288242650011195_1116103016711251131_n-1.jpg (328 KB)

Մոդելային ասպարեզում կան մի շարք կարծրատիպեր, որոնցից մեկն այն է, որ 30-ից հետո մոդելները չեն կարողանում դիմակայել մրցակցությանն ու զիջում են իրենց դիրքերն ավելի երիտասարդ մոդելների: Մյուսն էլ այն, որ ասպարեզում հետաքրքիր լինելու համար անպայման պետք է դիմես ոճային փոփոխությունների: 33-ամյա մոդելը տարիներ շարունակ ոչ միայն չի իջնում հայկական ու միջազգային բեմերից, այլեւ չի դադարում հավատարիմ մնալ իր կերպարին: Անդրադառնալով այս հարցին՝ Լիլիթը մեկնաբանեց.

263592979_412355673965516_6217156251801985822_n.jpg (318 KB)

«Այո, կա կարծրատիպ, թե մոդելային կարիերան կարճ է տեւում, բայց կարծում եմ՝ դա շատ անհատական մոտեցում է, կախված է նրանից, թե մոդելն ինչպես է աշխատում իր արտաքինի, պրոֆեսիոնալիզմի վրա, ինչպիսի մարքեթինգային հնարքներ է կիրառում, որովհետեւ հիմա դա էլ է շատ կարեւոր: Իմ մոդելային գործունեությունը ես ավելի շատ հոբբի եմ համարում, որը վայելում եմ, հոբբի, որն ինձ համար շատ կարեւոր է: Ես ջանք ու եռանդ չեմ խնայում, որպեսզի լինեմ ավելի պրոֆեսիոնալ, ու կարծում եմ՝ իմ հոբբին կավարտվի այն ժամանակ, երբ ես հասկանամ, որ մոդելային կարիերան ինձ էլ չի հետաքրքրում: Այդ ժամանակ կփորձեմ այլ ոլորտներում գտնել հետաքրքրություն, բայց այժմ չեմ կարող կոնկրետ պատասխանել, թե դա երբ կլինի: Ինչ վերաբերում է 30-ից հետո կարիերան ավարտելուն՝ չափանիշները հիմա մի փոքր այլ են: Մոդելային գործունեությունը հիմա տեղափոխվել է նաեւ ինստագրամյան հարթակ, այժմ շատ ինստագրամյան աստղերի կարելի է տեսնել մոդելի դերում, ինչն առաջ, օրինակ, խորթ կնայվեր: Հիմա դիզայներները մեծ ուշադրություն են դարձնում նաեւ տվյալ մոդելի ճանաչվածությանը, ինքն իր վրա աշխատելու ձգտմանը»:

261855855_912214752759008_1619473807050151517_n.jpg (304 KB)

Խոսելով իր անփոփոխ կերպարի մասին՝ Լիլիթը հավելեց.

«Ես սիրում եմ իմ կերպարը, եւ շատ ներդաշնակ եմ ինձ զգում դրա մեջ: Մոտ երկու տարի առաջ փոխեցի մազերիս գույնը՝ հրե-կարմիր երանգի, այնուհետեւ որոշ ժամանակ անց վերադարձրի իմ բնական երանգը՝ բաց շագանակագույնը: Չի եղել կտրուկ փոփոխության առաջարկ, նույնիսկ, դիզայներների կողմից. ովքեր ինձ հետ աշխատել են, սիրել են իմ կերպարը, բայց, իհարկե, եթե լինեն հետաքրիր առաջարկներ, կարծում եմ՝ կդիմեմ փոփոխությունների, եթե նաեւ դրանք համահունչ լինեն իմ ներաշխարհին»:

Արտաքինում փոփոխությունները, թեեւ խորթ են Լիլիթին, հոգեվիճակում դրանք հաճախ են լինում: Օրինակ՝ երկու տարի առաջ մոդելն ազդարարեց երգչուհու կարիերա սկսելու մասին, սակայն կյանքի որոշակի փոփոխություններ ազդեցին նրա այդ որոշման վրա.

270236091_441852737525286_4743030676842622784_n.jpg (113 KB)

«Ես ազդարարեցի երգչուհու կարիերայի մասին, բայց երբ պատրաստվում էի զբաղվել իմ առաջին երգի թողարկման աշխատանքներով, սկսվեց համավարակը, այնուհետեւ շատ անսպասելի կորցրի տատիկիս… Դա ինձ շատ մեծ ցավ պատճառեց ու ես դադարեցի երգել: Կարծում եմ՝ մարդիկ, որոնք երգում են, կամ երբեւէ երգել են, կհասկանան, որ սիրելի մարդկանցից մեկին կորցնելու ցավից հետո դու դադարում ես երգել, եւ երկար ժամանակ է պետք այդ վիճակից դուրս գալու համար: Կարծում եմ՝ ես էլ կկարողանամ հաղթահարել այս փուլը եւ, վերջապես, կկարողանամ հանրությանը ներկայացնել խոստացածս երգը»:

Գեղեցկության նոր հարթակներում ներկայանալ եւս Լիլիթն առայժմ չի շտապում, պատճառն այսպես է բացատրում.

269939733_435430564730616_9077539297066981330_n.jpg (99 KB)

«Ես բախտ ու պատիվ եմ ունեցել ներկայացնել Հայաստանը տարբեր հեղինակավոր միջազգային մրցույթների, իսկ «Միսս Գլոբ»-ում հատուկ մրցանակ շահելուց հետո ես ուղղակի որոշեցի, որ այլեւս չեմ մասնակցի մրցույթների, որովհետեւ ես արդեն ունեմ այն ամենը, ինչով հպարտանում եմ, ինչն ինձ ուժ ու թեւեր է տալիս: Այս պահին մտածում եմ, որ այլ մրցույթների չեմ մասնակցի, բայց, միգուցե, մյուս տարի այլ կարծիք ունենամ այս հարցի շուրջ, քանի որ մեր գիտակցությունն ու աշխարհայացքը տարեցտարի փոխվում են»:

2022 թ-ը մոդելը  դիմավորել է ընտանիքի անդամների հետ, ասում է՝ տարեսկիզբը համեստ տոնելու սիրահար է.

270240860_461205968775163_4158766525691376800_n.jpg (280 KB)

«Ամանորյա ճոխ պատրաստություններ չեմ ունեցել, քանի որ ես սիրում եմ այս տոնը նշել համեստ: Ես ավելի շատ կարեւորում եմ Սուրբ Ծնունդը: Այդ օրը մենք անպայման ընտանիքով այցելում ենք եկեղեցի, աղոթում, հետո վայելում օրվա ընթրիքը: Կարծում եմ՝ կարեւոր է, որ Նոր տարի մտնենք գեղեցիկ ու մաքուր սրտով: Իսկ ծրագրերս շատ-շատ են, բայց նախապես դրանք չեմ ցանկանում բարձրաձայնել: Համոզված եմ, որ դրանք կյանքի կկոչվեն մեծ աշխատանքի շնորհիվ: Ուզում եմ շնորհավորել Հայաստանին ու հայ ժողովրդին՝ Ամանորի ու Սուրբ Ծնունդի առթիվ ու մաղթել Խաղաղություն: Հուսով եմ՝ այս դժվարին փորձությունները մենք կհաղթահարենք ու ամեն ինչ լավ կլինի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Մարտիրոսյանը



© NEWS.am STYLE