Գրիգոր Կյոկչյանը՝ «Սրտի կաթված»-ի, ապագայի եւ անձնական կյանքի մասին

22:19   28 հոկտեմբերի, 2013

Երիտասարդ երգիչ Գրիգոր Կյոկչյանը վաղուց է զբաղվում երգարվեստով: Սակայն նրան ավելի մեծ ճանաչում բերեց «Հայաստանի ձայնը» նախագիծը: Գրիգորը շատերի համար է երգեր գրել, որոնց հիման վրա նկարահանվել են տեսահոլովակներ, իսկ հիմա հերթն իրենն է: Երգիչը NEWS.am STYLE-ին պատմեց իր երգերի, «Սրտի կաթված»-ի եւ ապագայի մասին:

Այսքան ժամանակ ուրիշների համար երգեր եք գրել: Ինչո՞ւ որոշեցիք հանդիսատեսին որպես երգիչ ներկայանալ:

Այո, այնպես ստացվեց, որ ես ավելի շուտ հայտնի դարձա որպես երգահան, բայց ստեղծագործելուն զուգահեռ երկար տարիներ ներկայացել եմ նաեւ որպես երգիչ: Պարզապես, հանգամանքների բերումով, որպես երգահան ճանաչումն ավելի հեշտ ստացվեց ինձ մոտ:

 

Կպատմե՞ք «Սրտի կաթված»-ի մասին:

«Սրտի կաթված» վերնագրով իմ առաջին սինգլի հիմքում, որի հիման վրա նաեւ տեսահոլովակ նկարահանվեց, իմ կյանքից իրական պատմություն կա: Եվ համոզված եմ, որ հաջողության են հասնում հենց այն երգերը, որոնք ստեղծվել են իրական զգացողություններից ելնելով: Ես ուրիշների համար գրված շատ երգեր ունեմ եւ միշտ սիրվել են հենց այն երգերը, որոնք անկեղծ ու իրական պատմություններ են: Օրինակ՝ Նարեկ Բավեյանի «Ես սիրում եմ քեզ», Միհրան Ծառուկյանի «Գոլ» ու «Սիրո կինոն», Անդրեի ու Սերինե Պողոսյանի «Սառը քամին» երգերը եւ այլն:

Իսկ ի՞նչ հետաքրքիր դեպքեր եղան նկարահանումների ընթացքում:

Նկարահանումները տեւեցին երկու օր: Իրականում դրանք բարդ էին, նույնիսկ՝ էքստրեմալ: Այն հատվածը, երբ ես պետք է հեծանվով շուրջ 10 մետր բարձրանայի օդ, մեծ վտանգ էր պարունակում, բայց կարեւորը հաջող ավարտ ունեցանք:

 

Արդարացա՞ն Ձեր սպասումները:

Դատելով առաջին օրերին ստացված արձագանքներից՝ այո, սպասումներս  արդարացան: Գրեթե բոլորը նշում են, որ շատ դրական, նոր ու ոճային աշխատանք է:

Ի՞նչ եք որոշել, կշարունակեք հանդես գալ որպես երգի՞չ, թե՞ երգահան կմնաք:

Հետագայում նույնպես կստեղծագործեմ եւ, իհարկե, զուգահեռ կշարունակեմ նաեւ երգչի կարիերան:

«Հայաստանի ձայնը» նախագծից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

Չնայած ես վաղուց Երգի պետական թատրոնի մեներգիչ եմ, բայց ավելի լայն ճանաչում ունեցա «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելուց հետո: Նախագծի առաջին եթերաշրջանն իսկապես ռեկորդային վարկանիշ ուներ, ինչը, բնականաբար, օգնեց մեզ՝ մասնակիցներիս, ավելի հեշտ հարթել մեր ուղին:

Ներկայում ի՞նչ նախագծերի ուղղությամբ եք աշխատում:

Այժմ նոր գրած երգեր ունեմ տարբեր երգիչների համար, որոնք շուտով կարող եք լսել: Եվ ունեմ տարբեր հետաքրքիր համագործակցություններ՝ կապված իմ կատարումների հետ:

Անձնական կյանքում կա՞ ինչ-որ մեկը:

Անձնական կյանքից խոսել այս պահին չեմ ուզում:

Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր կյանքը 10 տարի անց:

Չեմ մտածում, թե ինչպիսին կլինի կյանքս 10 տարի անց, քանի որ դա կարող է ծիծաղելի լինել Աստծո համար: Բայց մեկ բան հստակ պատկերացնում եմ, որ աղջիկ եւ տղա եմ ունենալու: Տա՛ Աստված:

Զրուցեց Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE