«Արցախի համար այս դժվարին շրջանում շատ ճիշտ որոշում էր հենց այնտեղ պսակադրվելը». Վլադիմիր Արզումանյանի հարսանեկան նոր լուսանկարներն ու մանրամասները

13:11   14 հունվարի, 2022

Երգիչ Վլադիմիր Արզումանյանի համար տարին սկսվեց կյանքի կարեւորագույն իրադարձությամբ. երգիչն ու նրա ընտրյալը՝ Աննան, հունվարի 8-ին միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին: Զույգի հարսանիքը տեղի է ունեցել Արցախում՝ ընտանիքի անդամների, մտերիմների ու հարազատների շրջապատում:

Վլադիմիրը NEWS.am STYLE-ին տրամադրել է իր հարսանեկան ֆոտոշարքն ու պատմել օրվա մանրամասները:

Վլադիմիրի եւ Աննայի ընտանիքի անդամները բնակվում են Ստեփանակերտում, բայց ամուսինները կշարունակեն իրենց համատեղ կյանքը Երեւանում, իսկ այս շրջանում մեղրամիսն են անցկացնում Դուբայում: Զույգի համար, սակայն, կարեւոր էր իրենց միությունը հենց Արցախում հաստատելը.

«Դա շատ կարեւոր փաստ էր թե´ ինձ, թե´ Աննայի համար: Մենք՝ երկուսս էլ Արցախից ենք, եւ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում շատ ճիշտ որոշում էր հենց այնտեղ պսակադրվելը»,-ասաց նա:

IMG_7574.JPG (123 KB)

Վլադիմիրի խոսքով՝ հունվարի 8-ն իր մեջ առանձնահատուկ խորհուրդ չէր պարունակում, պարզապես որոշեցին ու հարսանիքը նշանակեցին հենց այդ օրը: Երգիչն, ի դեպ, խնջույքի ժամանակ անակնկալ է մատուցել կնոջը՝ նրա համար կատարելով իրեն նվիրված երգը: Հենց նույն օրն էլ կայացել է «Գնալով» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի հերոսուհին Աննան է: Անդրադառնալով անակնկալին՝ Վլադիմիրը նշեց, որ այն երկար էր ծրագրել, եւ դատելով Աննայի արձագանքից՝ այն ստացված էր: Խոսելով իր ստեղծագործական քայլերի մասին՝ երգիչը խոստացավ, որ 2022-ին պատրաստվում է անցնել ակտիվ աշխատանքի՝ կլինեն նոր երգեր, համագործակցություններ ու տեսահոլովակներ:

IMG_7571.JPG (177 KB)

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթողի հետ զրուցեցինք նաեւ մրցույթում Հայաստանի գրանցած նոր հաղթանակի մասին: Երգիչը նշեց, որ անչափ ուրախ է Մալենայի հաջողությամբ, ու չթաքցրեց, որ այդ օրը, ոգեւորությանը զուգահեռ, վերհիշել է նաեւ իր հաղթանակն ու վերապրել նույն զգացողությունները: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ կրկին ուժերը փորձի «Եվրատեսիլ»-ում՝ Վլադիմիրը պատասխանեց.

«Երբ հստակ առաջարիկ լինի ինձ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու, այդ ժամանակ ավելի կոնկրետ որոշում կկայացնեմ»:

IMG_7572.JPG (98 KB)

Վլադիմիրն ու Աննան նշանադրվել են 2020 թ-ին: Ավելի վաղ, անդրադառնալով իր եւ Աննայի սիրո պատմությանը, երգիչը NEWS.am STYLE-ին պատմել էր, որ իրենք առաջին անգամ հանդիպել են Ստեփանակերտի հրապարակում.

«Միանգամից սիրահարվեցի... Աննան յուրահատուկ է, ամեն ինչով գրավել է ինձ»,-անկեղծացել էր նա:

IMG_7575.JPG (114 KB)

Երգիչը նաեւ տեղեկացրել էր, որ Աննան եւս սիրում է երգել, եւ դա նրա մոտ լավ է ստացվում:

Աննան, ի դեպ, նկարահանվել է նաեւ ամուսնու «Իմս» երգի տեսահոլովակում. երգը կրկին հենց նրան է նվիրված: Խոսելով կնոջ՝ երաժշտության հանդեպ հետաքրքրության մասին՝ Վլադիմիրը չի բացառել, որ, միգուցե, մի օր հանդես գան զուգերգով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էդգար Քամալյանի



© NEWS.am STYLE