Սննդային սովորություններ, որոնք թուլացնում են իմունիտետը

19:19   23 հունվարի, 2022

Դուք շատ աղ եք ուտում

Նատրիումի ավելցուկն օրգանիզմում ոչ միայն առաջացնում է այտուցվածություն, մկանային թուլություն եւ ցավեր, այլեւ կարող է հանգեցնել իմունային համակարգի թուլացմանը: Հետազոտության համաձայն՝ ավելորդ աղը դուրս բերելու համար օրգանիզմը ծախսում է ռեսուրսների մի մասը, որոնք պետք է պայքարեն վիրուսային վարակների դեմ, ինչի արդյունքում արտադրվում է իմունոգլոբուլինի անբավարար քանակություն եւ աճում է հիվանդանալու վտանգը: Փորձեք սահմանափակել արագ սնունդը, միսը, պանիրը եւ սնունդ պատրաստելիս զգույշ օգտագործեք աղը։

Ձեր սննդակարգում բջջանյութը բավարար չէ

Բջջանյութն աջակցում է առողջ մարսողությանը եւ խթանում է օգտակար աղիքային բակտերիաների արտադրությունը, որոնք ոչ միայն ամրապնդում են իմունիտետը, այլեւ բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վիճակի եւ տրամադրության վրա: Սննդային մանրաթելի եւ պրոբիոտիկների բարձր մակարդակն օգնում է պահպանել իմունային գործառույթը եւ պաշտպանում է մարմինը վիրուսներից։ Սննդակարգում ավելացրեք ավելի շատ բանջարեղեն, լոբազգիներ եւ չմշակված ամբողջական հատիկներ, դրանց թաղանթները բջջանյութի իրական պահեստ են:

Դուք շատ սուրճ եք խմում

Կոֆեին․ կախարդական նյութ։ Այն արթնացնում է, խթանում է նյարդային համակարգը, օգնում է բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը եւ գերազանց կերպով զսպում է վաղաժամ ծերացման նշանները։ Սակայն ամեն ինչ չափի մեջ է  գեղեցիկ։ Հաճախ պատահում է, որ լարված աշխատանքային օրվա ընթացքում մեկ բաժակ սուրճը սրընթաց փոխում է մյուսին, իսկ դա կարող է հանգեցնել իմունիտետի թուլացման եւ տարբեր վիրուսային հիվանդությունների։

Դուք քիչ բանջարեղեն եք ուտում

Բանջարեղենը ոչ միայն բջջանյութի մեծ աղբյուր է, որի կարեւորության մասին արդեն ասվել է վերեւում, այլեւ վիտամինների եւ հանքանյութերի իրական պահեստ։ A եւ C վիտամիններով, ինչպես նաեւ ֆոլաթթվով հարուստ կանաչ բանջարեղենն ամրապնդում է  իմունիտետը՝ թույլ տալով առանց խոչընդոտների հաղթահարել մրսածությունների սեզոնը։ Աշխատեք հաճախ սալաթներ, բանջարեղենային ռոգուներ եւ սմուզիներ օգտագործել։

Շատ շաքար եք օգտագործում

Սպիտակ շաքարավազ՝ դատարկ ածխաջրեր, որոնք չեն կրում որեւէ սննդային արժեք, բայց բարձրացնում են քրոնիկ հիվանդությունների վտանգը, հրահրում են ծերացումը, քաշի ավելացումը, ինչպես նաեւ թուլացնում են իմունիտետը։ Գլյուկոզայի չարաշահումը նվազեցնում է իմունոգլոբուլինի ակտիվությունը միջինը 30%-ով, ինչը զգալիորեն մեծացնում է վիրուսային վարակներով հիվանդանալու հավանականությունը: Բոլորովին հրաժարվել շաքարից պարտադիր չէ, բայց դրա քանակը պետք է վերահսկվի։

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE