Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի հայկական առաջին ֆիլմն է․ ներկայացվել է ռեժիսորի տրիպտիխը

10:09   21 հունվարի, 2022

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA) մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք՝ կարճամետրաժ ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան, 1967), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա, 1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան, 1986) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։ Այս առիթով, թանգարանը 2022թ․ հունվարի 19-ին և 20-ին՝ The MoMA International Festival of Film Preservation «To Save and Project» ծրագրի շրջանակում, արվեստասեր հանրությանը ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի պոետիկ վավերագրության յուրօրինակ ամբողջությունը՝ տրիպտիխը, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկնազարով նախագիծ» ընկերության համագործակցության շնորհիվ իրականացվել են Սերգեյ Փարաջանովի երեք կարճամետրաժների վերականգնման և ժապավենային տպագրության աշխատանքները։

Փարաջանովի կարճամետրաժների ժապավենային տրիպտիխը՝ ուղիղ մեկ ամիս առաջ (դեկտեմբերի 15, 2021թ․), հանդիսավոր պայմաններում մշտական պահպանության հանձնվեց Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։ Ի դեպ, Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» հայկական առաջին ֆիլմն է, որն իր կարևոր տեղը զբաղեցրեց համաշխարհային նշանակության երկու խոշոր արվեստի կենտրոններում՝ MoMA-ում և Պոմպիդուում:



© NEWS.am STYLE