Քրիստինա Եղոյանը YouTube-ի կողմից արժանացել է մրցանակի

18:35   21 հունվարի, 2022

2022-ը երգչուհի-դերասանուհի Քրիստինա Եղոյանի համար սկսվեց հերթական մասնագիտական ձեռքբերումով. երգչուհին YouTube-ի կողմից արժանացավ արտիստի համար ամենակարեւոր մրցանակներից մեկին՝ «Արծաթե կոճակ»-ին, որը ստանում են 100 հազար բաժանորդների շեմը հատած ալիքները (Քրիստինան YouTube-ում ունի ավելի, քան 110 հազար բաժանորդ):

Իր YouTube-յան ալիքը Քրիստինան բացել է 4 տարի առաջ, ու կարճ ժամանակ հետո հասել տպավորիչ արդյունքի: Երգչուհին ալիքում ունի 17 տեսահոլովակ, որոնց դիտումների ընդհանուր քանակը հասնում է 58 միլիոնի :

Քրիստինա Եղոյանի հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը սկսվեց նրա՝ շոու-բիզնեսում հայտնվելուց անմիջապես հետո: Նրան հանրային մեծ հռչակում բերեց, հատկապես, «Ֆուլ Հաուս» սիթքոմը, որին էլ Քրիստինան իր կերպարի շնորհիվ նոր երանգ հաղորդեց: Ժիր, կայտառ, մի փոքր խենթ ու միշտ դրական Զառան միանգամից սիրվեց հեռուստադիտողի կողմից՝ այնքան, որ սիթքոմի պրոդյուսերական կազմը որոշեց, որ կերպարը պետք է չսահմանափակվի միայն մեկ եթերաշրջանով, այլ մնա այնքան ժամանակ, որքան կշարունակի վայելել երկրպագուների հետաքրքրությունը: Այդպիսով, Քրիստինայի կերպարը դարձավ սիթքոմի հիմնական հերոսներից մեկը, որը էկրանին մնաց մինչեւ նախագծի վերջին եթերաշրջանը: Ժամանակ առ ժամանակ երգչուհի-դերասանուհին «Ֆուլ Հաուս»-ում հանդես էր գալիս նաեւ երաժշտական հումորային կատարումներով, սակայն հեռուստադիտողի համար Քրիստինա Եղոյան երգչուհին իսկական բացահայտում դարձավ «Դեպի Երազանք» սերիալի շնորհիվ, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն՝ Նարեին: Նարեն անապահով կյանքով ապրող աղջիկ էր, որն ուներ մեծ երազանք՝ դառնալ երգչուհի ու իր գրած երգը նվիրել մայրիկի հիշատակին:

Քրիստինան կատարել է ոչ միայն հեռուստասերիալի սաունդթրեքը՝ «Դեպի Երազանք»-ը, որը թողարկումից կարճ ժամանակ անց դարձավ հիթ, եւ այսօր YouTube-ում ունի ավելի, քան 2,5 միլիոն դիտում, այլեւ հանդես է եկել այլ ստեղծագործություններով: Հենց սերիալի շրջանակում էլ կայացել է նրա՝ «Մամ ջան» երգի ու տեսահոլովակի պրեմիերան, որն այսօր ունի ավելի, քան 5 միլիոն դիտում:

«Դեպի Երազանք»-ի հաջողությունը նպաստեց նաեւ «Դեպի Երազանք 2»-ի ստեղծմանը, որտեղ Քրիստինան կրկին հանդես եկավ սիրված հերոսուհու կերպարում: Դերասանուհու մասնակցությամբ մյուս ռեյթինգային նախագծերից են «Ֆուլ Yere1»-ը եւ«Կինստագրամը»:

Բացի հեռուստասերիալներում նկարահանվելուց եւ տեսահոլովակներ թողարկելուց՝ երգչուհի-դերասանուհին հանդես է գալիս նաեւ Հայաստանում եւ արտերկրում անցկացվող ամենամասշտաբային միջոցառումներում, որոնցից ամենատպավորիչներից էր, օրինակ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հնդկա-հայկական համերգը, որի շրջանակում հայ եւ հնդիկ հանրահայտ աստղերը ելույթ էին ունենում միասին: Քրիստինան զուգերգով հանդես է եկել հնդկական սերիալների աստղ Մրունալ Ջաին/Mrunal Jain-ի հետ, որը հայ հեռուստադիտողին հայտնի է «Մերժվածը» հեռուստասերիալից: Համերգին Քրիստինան կատարել է նաեւ իր հեղինակային երգը:

2018 թ-ին երգչուհին մասնակցել է Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացած «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որտեղ նրա «Ամառ է» հիթն արժանացել է պատվավոր մրցանակի:

Քրիստինա Եղոյանն ակտիվ է ինչպես մասնագիտական ոլորտում, այնպես էլ` սոցցանցային հարթակներում: Նա ամեն օր կիսվում է անձնական եւ գործնական ձեռքբերումներով Facebook-ում եւ Instagram-ում։ Ի դեպ, վերջինում ունի մոտ 428 հազար իրական հետեւորդ:

Երգչուհու ամենաթարմ աշխատանքներից է հայրիկին նվիրված «Պապ ջան» երգի տեսահոլովակը, որը թողարկվել է մեկ ամիս առաջ ու արդեն հասցրել գրանցել մոտ կես միլիոն դիտում:

Սյունե Առաքելյան

Հոդվածը հրապարակվել է՝ 21/01/2022



© NEWS.am STYLE