Աշուն-ձմեռ 2013-2014 սեզոնի նորաձեւ աքսեսուարները

18:48   30 հոկտեմբերի, 2013

Նույնիսկ ամենանորաձեւ հագուստը դժվար կլինի պատկերացնել առանց անհրաժեշտ մասնիկի՝ աքսեսուարի: Ձեռնոցը, շարֆը կամ կրծքազարդն ամբողջությամբ փոխում են կնոջ կերպարը՝ այն դարձնելով ավելի համարձակ կամ ռոմանտիկ, ոճային եւ ամբողջական: Այս սեզոնի միտումները ուշադիր ուսումնասիրելուց հետո NEWS.am STYLE-ի թղթակիցը նորաձեւության սիրահարների համար ընտրել է նորաձեւ աքսեսուարների իր տարբերակները:


Գոտիներն այս սեզոնին տեղին են լինելու, քանի որ հիմնական շեշտադրումը լինելու է կանացի իրանի վրա: Այն կերպարն ավելի կանացի, քնքուշ եւ նրբաճաշակ է դարձնում: Այս սեզոնի հիթը դառնալու է կաշվից, տեքստիլից կամ թավշից լայն գոտին, որը կարելի է կապել ցանկացած հագուստի հետ: Այս սեզոնին լայն գոտիներ են առաջարկում նորաձեւության այնպիսի տներ, ինչպիսիք են Fendi-ն, DKNY-ը, Altuzarra-ն եւ այլն:

Ոչ պակաս գրավիչ տեսք կունենան վարդակապով բարակ գոտիները՝ նորաձեւության ամենառոմանտիկ սիրահարների համար: Նոր սեզոնին այդպիսի գոտիներ են առաջարկում Carolina Herrera-ն, Burberry Prorsum-ը եւ այլն: Իսկ կենդանիների գլուխների տեսքով ձեւավորված գոտիներ է առաջարկում Burberry Prorsum-ը:

Այս սեզոնի հիթն են լինելու երկարավուն, գրեթե մինչեւ արմունկները հասնող ձեռնոցները, որոնք առաջարկում են, օրինակ, ռուսաստանյան դիզայներ Igor Gulyaev-ը կամ էլ հանրահայտ Nina Ricci, Donna Karan, Gucci ապրանքանիշերը: Նորաձեւ են նաեւ «առանց մատների» ձեռնոցները, որոնք ներկայացրել են Chanel-ը  եւ Giorgio Armani-ն:

Ինչ վերաբերում է շարֆերին. այս սեզոնին չափազանց նորաձեւ են լինելու մորթուց շարֆերն ու բոաները, որոնք իրենց վերջին հավաքածուներում ներառել են Marc Jacobs-ը, Lanvin-ը, Ermanno Scervino-ն, Matthew Williamson-ը:

Երկար, լայն ու տաք շարֆեր է ցուցադրել Just Cavalli-ն, իսկ, օրինակ, Diane von Furstenberg, Badgley Mischka, Emporio Armani, L'Wren Scott, Giambattista Valli ապրանքանիշերը նորաձեւության սիրահարներին առաջարկում են իրենց վերարկուներն աշխուժացնել վառ ու գունեղ պարանոցի թաշկինակներով:

Լիլիթ Պետրոսյան



© NEWS.am STYLE