«Միակ լեզուն, որով ես կարող եմ երաժշտություն գրել, հայերենն է». Տիգրան Մանսուրյանը նշում է 83-ամյակը

12:25   27 հունվարի, 2022

Նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանն այսօր` հունվարի 27-ին, տոնում է ծննդյան 83-ամյակը։ Մանսուրյանն իր գործունեությամբ հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Նա հեղինակել է նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործեր, որոնք կատարվել են միջազգային մեծամասշտաբ հարթակներում` Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Բեռլինում, Վիեննայում, Մոսկվայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլ քաղաքներում:

Սակայն Մանսուրյանի կինոերաժշտությունն ամենասիրվածներից է: Նրա ստեղծագործությունները հնչում են Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» հայտնի ու սիրված ֆիլմերում:

271651654_1389250504859142_5567493341744024717_n.jpg (60 KB)

Չնայած աննկարագրելի ու անթիվ հաջողություններին ու ձեռքբերումներին՝ մաեստրոն մի առիթով նշել է՝ «Երաժշտության ճանապարհ մտնելու սկզբից մինչ այսօր տեւական մի մեծ կռիվ կա կայացման։ Այդ պահը, որ պետք է, վերջապես, տոնեմ իմ հաղթանակը, դեռեւս չկա»:

Նա մինչ օրս շարունակում է ստեղծագործել ու նվագել տարբեր բեմահարթակներում, իսկ նրա աշխատանքների լեզուն մեկն է` «Միակ լեզուն, որով ես կարող եմ երաժշտություն գրել, հայերենն է: Անգամ երբ ընտրությամբ դիմել եմ այլ լեզուների, իմ երաժշտության լեզուն մնացել է հայերենը»,-ասել է կոմպոզիտորը:

272173806_626006165173662_1089090462624123727_n.jpg (59 KB)

Պատասխանելով իր հաջողությաը վերաբերող հարցադրումներին` Մանսուրյանը նշել է. «Եվ դժվարությունները, եւ ուրախություններն Աստծո նվերն են եղել ինձ: Երկուսի շնորհիվ ես այսօր այսպիսին եմ. Պետք է կարողանալ պարտվել՝ հանուն հիմնականի, որ չկորցնես քո հիմնականն ու քո հավատքը։ Դա է ուժ տալիս մարդուն»:



© NEWS.am STYLE