Անտոնիո Ռոսինիի «‎Stabat Mater» ստեղծագործությունը՝ «‎Արամ Խաչատրյան» համերգասրահում

13:39   29 հունվարի, 2022

Փետրվարի 4-ին ժամը 19:00 «‎Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը։ Կհնչի Ջոակինո Անտոնիո Ռոսինիի «‎STABAT MATER» ստեղծագործությունը։

Մենակատարներն են՝ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր), Զոհրաբ Զոհրաբյանը (բաս):

Stabat Mater-ը հոգեւոր քրիստոնեական երգ է լատիներեն լեզվով, որը պատմում է խաչված Որդու խաչի առջեւ սգացող Աստվածամոր մասին: Անվանումն առաջացել է հիմնի առաջին տողից «Stabat Mater dolorosa», ինչը նշանակում է «Կանգնած էր սգավոր մայրը»։

Ամբողջական ստեղծագործության բաց պրեմիերան տեղի է ունեցել 1842 թվականի հունվարի 7-ին՝ Փարիզի Իտալական թատրոնի դահլիճում իտալացի օպերային երգիչների կատարմամբ։ Ականատեսները պատմում են, որ Փարիզը մեծ փառքով էր ընդունել ստեղծագործությունը, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարություններով բացականչում էր․ «Ռոսինի՜, Ռոսինի՜»։



© NEWS.am STYLE