Հայ հոգեւորականը կոչ է անում Հելոուինի փոխարեն նշել Բուն Բարեկենդանի տոնը

13:02   31 հոկտեմբերի, 2013

Հելոուինն ընդամենը երեւույթ է, այն չի կարող տոն անվանվել, մեր արմատների հետ ոչ մի կապ չունի եւ համարվում է մարտահրավեր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Արարատյան Հայրապետական Թեմի Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Հոկտեմբերի 31-ին Կաթոլիկ եկեղեցու կողմից նշվող Հայտնի եւ անհայտ սրբերի օրվան զուգահեռ ոչ պաշտոնապես, բայց մեծ թափով գրեթե ամբողջ աշխարհում նշվում է հին կելտական ծագում ունեցող Հելոուինը, որը կապված է մահացածների հոգիների հանգստության համար տեղի ունեցող հեթանոսական հին շոտլանդական եւ իռլանդական ծեսերի հետ: Մեր օրերում Հելոուինը հիմնականում նշվում է որպես հեքիաթային եւ սարսափազդու կոստյումներով դիմակահանդես:

Ինչ վերաբերում է հայ ժողովրդի արմատների հետ կապ ունեցող ուրախության տոներին. որպես օրինակ Տեր Հայրը նշեց փետրվարի 10-ին Մեծ Պահքից մեկ օր առաջ նշվող Բուն Բարեկենդանի տոնը:

«Եթե նայենք մեր արմատներին, կտեսնենք, որ մեր ժողովուրդը նշել է Բուն Բարեկենդանը՝ որպես դրախտում ապրելը բարեկենդանության ժամանակ: Սա դրական էր, քանի որ կար նպատակ՝ վերադարձ դեպի դրախտ»,- ասաց Բաբկեն քահանան:

Հոգեւոր հովիվը նշեց, որ Բուն Բարեկենդանը կապված է Աստվածաշնչյան այնպիսի դրվագների հետ, ինչպիսիք են դրախտային կյանքը, Մահվան եւ Կենաց ծառերը, մեղքերը քավելու միջոցով դրախտ վերադառնալու հույսը, ինչպես նաեւ լուսավոր ու բարի կերպարները:

«Այն, ինչ նշում է Հելոուինը, նպատակ չունի: Այն զավեշտ է, խրախճանք, սարսափ, կախարդների, վհուկների կերպարներ, դդումների պաշտամունք»,- նշեց քահանան:

Նա շեշտեց, որ Չարի ամենամեծ նենգությունն այն է, որ այն գործում է աննկատ՝ ձեւանալով, թե վաղուց արդեն գոյություն չունի, եւ մեզ ոչ հարիր երեւույթները, օրինակ՝ համասեռականության տեսքով, սողոսկում են հասարակության մեջ: Տեր Բաբկեն քաղաքական նաեւ հավելեց, որ այստեղ ծագում է հոգու խնամքի խնդիրը, որը «թույնով» սնվելով՝ իր տեղը չի գտնում եւ շեղվում է ճանապարհից:

Լիլիթ Պետրոսյան



© NEWS.am STYLE