ԱՄՆ-ում Հելոուին են տոնում

14:08   31 հոկտեմբերի, 2013

Միացյալ Նահանգներում եւ աշխարհի շատ այլ երկրներում Հելոուին են տոնում: Չար ուժի ուրախ տոնը նշում են Բոլոր սրբերի օրվա նախօրեին:

 

Այդ օրը դիմակահանդեսային երթեր են կազմակերպվում. մարդիկ վառ հագուստներ եւ դիմակ են հագնում: Կելտական մշակույթից սկիզբ առնող տոնին ԱՄՆ-ում տները «զարդարում են» սարդոստայնով, կարելի է սիզամարգերի վրա շիրմաքարեր տեսնել, դռներից դդմից պատրաստած կմախք կամ չղջիկ են կախում: Իսկ երեկոյան երեխաները կոստյումներով ծեծում են մարդկանց դռները եւ կոնֆետ պահանջում:

 

7-րդ դարում Բոնիֆացիուս IV Պապը նոյեմբերի 1-ը հաստատել է որպես Բոլոր սրբերի օր՝ ցանկանալով անգլիացի ժողովրդին շեղել հեթանոսական սովորույթներից: Ավելի ուշ նոյեմբերի 2-ը դարձել է Բոլոր հոգիների օր. այդ օրը հիշատակում են մահացածներին: Սակայն սովորույթները ժողովրդի հիշողության մեջ մնացին, դրանք մինչեւ վերջ արմատախիլ անել այդպես էլ չհաջողվեց: Համարվում է, որ այս տոնն Ամերիկա է հասել դեռեւս առաջին իռլանդացի ներգաղթյալների հետ: Տոնի հիմքում հավատն է, որ Բոլոր սրբերի օրվա նախօրեին մահացածների հոգիները վերադառնում են իրենց տները: Վերջին տարիներին Հելոուինը մեծ տարածում է գտնում ամբողջ աշխարհում:

 

Այս տարի տոնին նորաձեւ է համարվում կախարդի զգեստը: Իսկ մեկ տարի առաջ, օրինակ, մեծ տարածում ունեին Բարաք Օբամայի եւ նրա մրցակից Միթ Ռոմնիի դիմակները:

Ամերիկացիներն այս տարի Հելոուինին պատրաստվելիս հագուստի եւ տունը զարդարելու իրեր գնելու համար շուրջ 7 մլրդ դոլար են ծախսել:



© NEWS.am STYLE