Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը եւ այլ հայտնիներ՝ Արտյոմ Հարությունյանի նոր ֆիլմում. առաջին մանրամասները (ֆոտո)

15:31   8 փետրվարի, 2022

Փետրվարի 5-ից Երեւանում մեկնարկել են ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը կոչվում է «Պոլլի». նախագծի առաջին մանրամասներն ու կադրերը ռեժիսորը տրամադրել է NEWS.am STYLE-ին:

Արտյոմը նաեւ ֆիմի պրոդյուսերն է. նա ասաց, որ այն բացառիկ է ժանրային առումով.

«Ֆիմը դրամա, դետեկտիվ, մանկական, արկածային ժանրերում է: Ինձ մոտ միտք առաջացավ ստեղծել նման ֆիլմ, քանի որ իրականում այնտեղ մի շարք կարեւոր ու առանցքային թեմաներ են շոշափվում, որոնք, հատկապես, լուծում են պահանջում Հայաստանում»:

164774010_559108484996702_1953759166834326276_n.jpg (134 KB)

Ռեժիսորն առայժմ չցանկացավ մանրամասնել սյուժեն, սակայն նշեց, որ այն 12-ամյա տղայի ու նրա հավատարիմ ընկերոջ՝ շան մասին է, որտեղ արծարծվում են նաեւ Հայաստանի բնության պահպանությանը, որսագողության խնդրին, ընտանեկան արժեքներին ու շոշափելի ընկերությանն առնչվող կարեւոր հաղորդագրություններ:

273075606_421859719715692_1367395502285144364_n.jpg (302 KB)

Տպավորիչ է նաեւ դերասանական կազմի ընտրությունը: Ֆիլմի առանցքային հերոսներին մարմնավորելու են Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը եւ Արամ Կարախանյանը: Արտյոմի խոսքով՝ սյուժեն գրելիս արդեն պատկերացնում էր, թե ով ում դերում կհամապատասխաներ: Նա հավելեց, որ  հեռուստադիտողին կտպավորի նաեւ կինոնկարի հավատարիմ հերոսը՝ շունը, որն էլ գլխավոր կերպարին սովորեցնելու է կյանքում առավել գնահատել իրական ու մարդկային արժեքները:

273155182_1426099221168525_8767499072086824054_n.jpg (243 KB)

«Ֆիլմում քննադատելու ենք Հայաստանում իրականացվող որսագողությունը, շեշտելու ենք Կարմիր գրքում հայտնված կենդանիների պահպանման կարեւորությունն ու վեր ենք հանելու ընտանիքի միավորման գաղափարը: Այս ֆիլմով, միանշանակ, փորձելու ենք նաեւ նոր որակ բերել հայկական կինոարտադրության մեջ»,-նշեց Արտյոմ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է կինոնկարի՝ էկրաններ բարձրանալու ժամանակացույցին, ռեժիսորի խոսքով՝ առայժմ վաղ է խոսել այդ մասին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE