Աշխարհահռչակ Մաքսիմ Վենգերովի եւ Վահագն Պապյանի ելույթը «Երեւանյան հեռանկարների» շրջանակում

14:39   1 նոյեմբերի, 2013

Լեգենդար ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը նոյեմբերի 28-ին «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա մենահամերգով:

Համերգին կմասնակցի նաեւ աշխարհահռչակ դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանը: Երաժիշտների կատարմամբ կհնչեն Բախի, Բրամսի, Դվորժակի, Սեն Սանսի, Պագանինիի եւ մի շարք այլ դասականների ստեղծագործությունները:

Ռուսական ծագմամբ Իսրայելից հայտնի ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը ծնվել է 1974 թվականին, Նովոսիբիրսկում: 1990թ. նա դարձել է Լոնդոնում անցկացվող Ֆլեշի անվան ջութակահարների մրցույթի դափնեկիր, իսկ 1995 թվականին արժանացել է Իտալիայի Կիջի Ակադեմիայի մրցանակի՝ որպես ականավոր երիտասարդ երաժիշտ:

Երաժիշտը UNICEF-ի էմիսար է եւ նվագել է Ուգանդայի, Հարլեմի, Թայլանդի եւ Կոսովոյի երեխաների համար: 2004թ. Վենգերովը դարձել է «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, իսկ 2011թ. վարպետության դաս է անցկացնել Հայաստանում ստեղծված UNICEF-ի մանկական նվագախմբի համար: 

Հայտնի դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանն ավարտել է Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաները: 2006 թվականից նա Իսրայելի Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է: Պապյանը եւ Վենգերովն արդեն երկար տարիների համագործակցության փորձ ունեն. նրանք միասին հանդես են եկել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ միասին թողարկել են CD EMI Classic ձայնասկավառակը:

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայտնի է որպես Հայաստանում տեղի ունեցող վառ երաժշտական իրադարձություն: Դրա շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում ելույթ են ունեցել աշխարհահռչակ այնպիսի երաժիշտներ ու կոլեկտիվներ, ինչպիսիք են The King’s Singers-ը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Դմիտրի Խվորոստովսկին, Ալեքսեյ Լյուբիմովը, Գորան Բրեգովիչը, Ջո Կոկերը, Պլասիդո Դոմինգոն եւ այլք:

Փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահի բարձր հովանու ներքո:



© NEWS.am STYLE