Արտավազդ Փելեշյանի առանձնահատուկ ծննդյան օրը Փարիզում

14:37   14 փետրվարի, 2022

Փարիզում Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը՝ փետրվարի 22-ին, տեղի կունենա Վարպետի վերջին՝ «Բնություն» ֆիլմի կինոթատրոնային պրեմիերան։ «Բնություն» ֆիլմի թանգարանային եւ փառատոնային ցուցադրություններին կավելանան նաեւ կինոթատրոնային դիտումները, հայտնում է «Կինոաշխարհը»։

Ֆրանկոֆոն երկրներում ֆիլմի դիստրիբյուցիան այսուհետ իրականացնելու է «Les films du Camelia» դիստրիբյուտորական կազմակերպությունը։ Այն հիմնադրվել է  1988 թվականին պրոդյուսեր և ռեժիսոր Ռոնալդ Շամայի կողմից, որը նաև ֆրանսիացի հայտնի դերասանուհի Իզաբել Հյուպպերի կողակիցն է։ Ռոնալդ Շամային է պատկանում Փարիզի  վեցերորդ թաղամասի, պատմական Սան Ժերմեն դե Պրե փողոցի սրտում գտնվող  «Christine» կինոթատրոնը, որտեղ էլ ամսի 22-ին տեղի կունենա «Բնություն» ֆիլմի պաշտոնական պրեմիերան։

Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հրեղեն աֆիշն արդեն կարելի է տեսնել Փարիզի մետրոյի կայարաններում։ Պրեմիերայի մասին հոդվածներ են գրվում կինոյին նվիրված բազմաթիվ թերթերում և իհարկե՝ «Cahiers du cinéma» ամսագրում։ 



© NEWS.am STYLE