69 տարեկանում մահացել է «Դիսկո պարողը» ֆիլմի կոմպոզիտոր Բապի Լահիրին

13:17   16 փետրվարի, 2022

Փետրվարի 16-ին Մումբայի հիվանդանոցներից մեկում մահացել է հնդիկ կոմպոզիտոր եւ երգիչ Բապի Լահիրին, որը հայտնի է «Դիսկո պարողը» ֆիլմից։ Լախիրին 69 տարեկան էր, հայտնում է Press Trust of India լրատվական գործակալությունը։

Այս տարվա հունվարին Լահիրին վարակով ու քնի օբստրուկտիվ ապնոէով կլինիկա էր տեղափոխվել։ Փետրվարի 14-ին կոմպոզիտորին դուրս են գրել, սակայն կարճ ժամանակ անց նրա վիճակը վատացել է, եւ նա շտապ հոսպիտալացվել է։

«Նա ծայրահեղ վիճակում էր, մենք փորձում էինք նրան վերակենդանացնել, սակայն արդյունքում նա երեքշաբթի երեկոյան՝ 23:40-23:45-ի սահմաններում, հեռացավ կյանքից»,- հայտարարել է բժիշկ Դիպակ Նամջոշին։

Նա երաժշտություն է գրել ԽՍՀՄ-ում հայտնի այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Դիսկո պարողը» (1982), «Պարիր, պարիր» (1987, ԽՍՀՄ-ում այն հայտնի էր նաեւ որպես «Դիսկո պարողը 2», «Կոմանդոս» (1988), «Սեր, սեր, սեր» (1989) եւ այլն։ Այնպիսի հիթերի համահեղինակ է, ինչպիսիք են «Jimmy, Jimmy, Jimmy, Aaja» եւ «Goron Ki Na Kalon Ki»։

 



© NEWS.am STYLE