Լեոնան ցնցեց «Հայաստանի ձայնը» ժյուրիի կազմին

10:09   4 նոյեմբերի, 2013

28-ամյա Լուսինե Շմավոնյանը, ով հանդես է գալիս Լեոնա բեմական անվամբ, «Հայաստանի ձայնը» նախագծի եթերաշրջանում իր կատարմամբ ցնցեց ժյուրիին: Լեոնան «Կույր լսումներ» փուլի վերջին մասնակիցն էր: Եվ քանի որ միայն Քրիստինե Պեպելյանին էր ընձեռված կարմիր կոճակը սեղմելու հնարավորությունը, երգչուհին միանգամից շրջվեց:

Իսկ վերջում Շուշան Պետրոսյանն ասաց. «Ես շատ վատ վիճակում եմ հիմա, քանի որ ուզում էի միանգամից ձեզ ընտրել, բայց պարզվեց, որ հնարավորություն չունեմ: Շնորհավորում եմ, փայլուն կատարում էր»:

Լեոնան բազմիցս մասնակցել է տարբեր մրցույթների ու փառատոնների Ուկրաինայում, Բելառուսում («Սլավյանսկի բազար»), Ռուսաստանում, Ավստրիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլն:

16 տարեկանում ընդունվել է Սիմֆերոպոլի Չայկովսկու անվ. երաժշտական ուսումնարանի դասական վոկալի բաժին: Մեկ տարի անց տեղափոխվել է Մոսկվա եւ սկսել հաճախել Մոսկվայի մարզային արվեստի դպրոց՝ էստրադային ջազի վոկալի բաժին, ինչպես նաեւ դասեր է անցել Գնեսինների անվ. Ակադեմիայում՝ էստրադային վոկալի բաժնում, հաճախել է Յուրի Նիկոլաեւի «Утреняя звезда» էստրադայի դպրոց՝ էստրադային վոկալի եւ բեմական խոսքի բաժին: Նաեւ ելույթ է ունեցել «Утреняя звезда» մրցույթում:

2005-2007թ.թ. հանդես է եկել «DIVA» խմբում՝ որպես մենակատար: Խմբին են պատկանում 4 տեսահոլովակ, MTV ալիքով ցուցադրված «Ալիսայի երազները» ֆիլմի երաժշտությունը, ինչպես նաեւ RMA-ի մրցանակաբաշխության մրցանակը՝ «Լավագույն պարային երգ» անվանակարգում: 2007թ. տեղափոխվել է Երեւան: Աշխատել է «Մալխաս ջազ ակումբում` «Imagine» ջազ խմբի կազմում, ինչպես նաեւ մի շարք ժամանցի վայրերում: Ներկայում «Imagine» ջազ խմբի մենակատարն է, հանդես է գալիս «Just Dance» նախագծում:



© NEWS.am STYLE