Ռոբերտ Քարդաշյանն այսօր կդառնար 78 տարեկան. ընտանիքից մինչեւ Օ. Ջեյ Սիմփսոնի հետ ընկերությունն ու սկանդալային գործը՝ հետաքրքիր փաստեր հայազգի իրավաբանի կյանքից

17:05   22 փետրվարի, 2022

Փետրվարի 22-ին հայազգի հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրն է: Ամերիկահայ փաստաբանը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ հաղթելով աշխարհահռչակ ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի սկանդակալային գործը: Ռոբերտ Քարդաշյանը Keeping Up With The Kardashians աղմկահարույց ռեալիթի շոուի աստղեր Քորթնի, Քիմ, Քլոե եւ Ռոբ Քարդաշյանի հայրն է՝ Քրիս Ջենների նախկին ամուսինը:

959655-kimkardashian-robertkardashian-birthanniversary.jpg (53 KB)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ հայազգի փաստաբանի մասին:

Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է 1944 թ-ին՝ Լոս Անջելեսում: Նրա հայրը Արթուր Քարդաշյանն էր, մայրը՝ Ջեյն Առաքելյանը: Քարդաշյանի ընտանիքը զբաղվում էր մսապահածոյի բիզնեսով: Քարդաշյանները ծնունդով Կարսից են:

Ռոբերտ Քարդաշյանն իրավաբանական կրթությունը ստացել էր Սան Դիեգոյի համալսարանում, սակայն մինչ այդ սովորել էր Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում՝ բիզնեսի կառավարման բաժնում: Որպես իրավաբան Քարդաշյանն աշխատել էր մոտ 10 տարի, այնուհետեւ զբաղվել սեփական բիզնեսով:

gettyimages-75569769.jpg (87 KB)

Հայ փաստաբանի եւ ամերիկացի ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի ընկերությունը սկիզբ էր առել 1967 թ-ից` Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ուսանելու տարիներին: 1994  թ-ին կնոջ՝ Նիկոլ Բրաուն Սիմփսոնի եւ նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի սպանությունից հետո ֆուտբոլիստը մնում էր Քարդաշյանների տանը՝ մեդիայի ուշադրությունից խուսափելու համար: Երբ ընկերոջ դեմ մեղադրանք հարուցվեց սեփական կնոջ եւ նրա ընկերոջ սպանության մեջ, Քարդաշյանը, որն արդեն թողել էր փաստաբանական գործը, վերադարձավ ոլորտ՝ որպեսզի օգներ Օ. Ջեյ Սիմփսոնին՝ միանալով վերջինի փաստաբանական թիմին:

robert--kardashian-gettyimages-51583984_1300jpg.jpg (40 KB)

Սիմփսոնը հաղթել է գործը, սակայն ավելի ուշ՝ 1996 թ-ին, ABC-ին տված հարցազրույցի ժամանակ Քարդաշյանը նշել էր, որ սկսել էր կասկածի տակ դնել Սիմփսոնի անմեղությունը, որից հետո ընկերները դադարել էին միմյանց հետ շփվել:

Օ. Ջեյ Սիմփսոնի պատմությունը էկրանավորվել է 2016 թ-ին նկարահանված American Crime Story սերիալում, որտեղ ներառված է նաեւ Ռոբերտ Քարդաշյանի կերպարը:

Young-Kim-Kardashian-and-Kourtney-Kardashian-with-Robert-Kardashian.jpg (131 KB)

Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թ-ին. մահվան պատճառ դարձել է քաղցկեղը:

Ռոբերտ Քարդաշյանի հանրահայտ զավակները հաճախ են հոր մասին հիշում ու կիսվում սոցիալական ցանցերում: Քիմ Քարդաշյանն, օրինակ, անցած տարի՝ հոր ծննդյան օրը, հուզիչ գրառում էր կատարել՝ նշելով, որ ամեն օր է հիշում ու կարոտում նրան.

«Ես, նույնիսկ, զանգահարել էի քո հեռախոսահամարին. հետաքրքիր էր՝ արդյոք ինչ-որ մեկը կպատասխանե՞ր այսքան տարի անց. խնդրում եմ այցելիր ինձ երազում, կամ որեւէ նշան ուղարկիր»,-գրել էր ռեալիթի շոուի աստղը:

Լուսանկարները՝ Instagram, Vince Bucci/AFP/Getty Images, Ron Gallela/Getty Images



© NEWS.am STYLE