Արման Նշանյան. «Կցանկանայի կյանքում գոնե մեկ անգամ շատ սիրել»

22:25   4 նոյեմբերի, 2013

Դերասան եւ երգիչ Արման Նշանյանը բավական արտասովոր անձնավորություն է: Նրա հետ NEWS.am STYLE-ի հարցազրույցը նույնպես հետաքրքիր եւ ինքնատիպ է ստացվել:

 

Եթե հրաշագործ լինեիք, ի՞ նչ կանեիք:

Ոչ մի բան, քանի որ Աստծուց մեծ հրաշագործ չկա:  Եթե անհրաժեշտ լիներ մի բան անել, ապա հենց Նա կաներ:

Ունե՞ ք այնպիսի երազանք, որին դեռեւս չեք հասել:

Կան օպերային դերեր, որոնք դեռ չեմ երգել, բայց ցանկանում եմ: Նաեւ ցանկանում եմ աշխատել համաշխարհային ռեժիսորների հետ եւ ֆիլմարվեստում, եւ թատրոնում, օրինակ` Մարտին Սկորսեզեի հետ: Ցանկություն կա երգել Տրավիադա օպերայում՝ Ալֆրեդոյի, Լաֆրենի, Ռուդոլֆի դերերում:

Իսկ ի՞ նչն է խանգարում այդ ամենին հասնել:

Միայն պայմանները:

Գալիս է մի պահ, երբ արվեստագետն իրեն սպառում է: Համաձա՞յն եք այս մտքի հետ:

Դրա մասին լսել եմ, բայց չեմ հավատում: Եթե ճիշտ աշխատես, ոչ մի խնդիր չի լինի: Տատիկս 84 տարեկան է, բայց երգում է 18 տարեկանի նման:

Այսօր Հայաստանի գրեթե բոլոր երիտասարդները ցանկանում են սովորել եւ աշխատել Ամերիկայում: Իսկ Դուք այդ ամենը թողեցիք ու եկաք Հայաստան: Ինչո՞ւ:

Ես ցանկանում էի օպերային աշխարհ մուտք գործել, իսկ դրա համար պետք է սովորել ու շատ լավ սովորել: Դրա համար էլ Հայաստան եկա: Ես երգիչ եմ դարձել Երեւանի Կոնսերվատորիայի շնորհիվ:

Իսկ արտերկրում սովորելու հնարավորություններն ավելի մեծ չէի՞ն:

Միշտ չէ, որ դրսում լավ է: Ես եղել եմ արտասահմանում եւ շատ լավ գիտեմ այնտեղի կյանքի համը: Հայաստանում շատ ավելի լավ մասնագետներ կան: Եթե մեր սոցիալական վիճակը ծանր է, դեռ չի նշանակում, որ մեր արվեստագետները թույլ են: Եթե մեր բժիշկները չունեն լավ սարքավորումներ, չի նշանակում, որ նրանք վատ բժիշկ են:

Իսկ Ձեր սովորածն ուրիշներին փոխանցելու ցանկություն չունե՞ք:

Ինձ համար դասավանդելը բոլորովին այլ մասնագիտություն է: Եթե լավ ես երգում, չի նշանակում, որ կկարողանաս նաեւ լավ ուսուցիչ լինել: Ցավոք, հիմա շատերը հենց այդպես էլ անում են: Դասավանդողն իր աշակերտի համար պետք է լինի առաջնորդ ամբողջ կյանքում: Թեեւ ես դասավանդման փորձ ունեմ: 2004 2005թ.թ. դասավանդել եմ թատերական ինստուտում, Սոս Սարգսյանի կուրսում: Աշակերտ եմ ունեցել նաեւ Ամերիկայում:

Մի անգամ ասել եք, որ բեմը Ձեզ համար խորան է: Այդ դեպքում ի՞նչ է կյանքը:

Կյանքը դպրոց է: Եվ ես ամեն օր ինձ նորովի եմ ճանաչում ու բացահայտում:

Իսկ այսօր ի՞նչ բացահայտեցիք Ձեր մեջ:

Պետք է միշտ քաղաքավարի լինել մարդկանց հետ:

Դերասան ծնվե՞լ եք, թե՞ դարձել:

Դերասան ծնվում են, չեն դառնում: Եվ, առհասարակ, բոլոր ոլորտների մասնագետներն էլ ծնվում են այդպիսին, հետո կատարելագործվում են, բայց ոչ թե դառնում: Դերասանի մասնագիտությունը նման է բժշկի մասնագիտությանը: Բժիշկը մարմին է բուժում, մենք` հոգի: Եթե հանդիսատեսը հավատա իմ կերպարին, ուրախություն ապրի կամ հուզվի, անհանգստանա, ուրեմն ես համարում եմ կերպարս ստացված: Հենց դրանից եմ ես մեծ բավարարվածություն ստանում, որը հնարավոր չէ գտնել փառքի կամ փողի մեջ:

Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք:

Երբեմն` այո, երբեմն` ոչ: Հենց մտածում եմ՝ հաջողակ եմ, սկսում եմ նաեւ մտածել, թե ինչեր դեռեւս կարող էի արած լինել եւ չեմ արել: Եվ այդ ժամանակ սկսում եմ վախենալ, արդյո՞ք շնորհքս չեմ վատնում դեսուդեն:

Եթե հասկանայիք վրձնի լեզուն, ի՞նչ կնկարեիք:

Իմ երկրորդ կեսին կնկարեի, բայց թե ինչպիսին կպատկերեի, չեմ կարող ասել:

Ասում են՝ տղամարդու համար հավատարմությունը նույնն է, ինչ վագրի համար՝ վանդակը:

Մենք` տղամարդիկս, ընդունել ենք դա որպես փաստ, որպեսզի հեշտ ապրենք, բայց եթե տղամարդը կարողանում է դավաճանել իր կնոջը, այսինքն՝ իր ընտրությունը, ուրեմն նա ամեն ինչ էլ ու ամեն մարդու էլ ունակ է դավաճանել:

Իսկ ի՞նչ կասեք հաշվարկով ամուսնության մասին:

Այսօր գրեթե բոլորն էլ ամուսնանում են հաշվարկով: Եթե դիմացինիդ ընտրում ես, որովհետեւ խելացի, գեղեցիկ է, կարող է լավ մայր լինել, ուրեմն էլի հաշվարկ ես անում:

Կինը կարո՞ղ է փոխել տղամարդուն:

Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարողանա փոխել տղամարդուն: Պարզապես կինը տղամարդու մեջ կարող է նոր բաներ արթնացնել:

Գիշե՞ր, թե՞ ցերեկ:

Իհարկե՝ գիշեր:

 

Խոսակցություններ կան, որ այս տարի Եվրատեսիլում Դուք եք ներկայացնելու Հայաստանը:

Առաջարկ դեռեւս չեմ ստացել: Ես այդպիսի մեծ մրցույթների կողմակից չեմ, բայց եթե պետությունը գտնում է, որ դա ճիշտ քայլ է, ուրեմն ավելին է հասկանում այդ ամենից: Ես կողմնակից եմ, որ այս տարի Հայաստանը, օրինակ, ներկայացնի Ռենկարնացիան:

Եթե գիրք գրեիք, ինչպե՞ս կանվանեիք այն:

(Երկար մտածելուց հետո)  «Որովհետեւ»:

Սիրե՞լ, թե՞ սիրվել:

Սիրել: Կուզեի իմ կյանքում գոնե մեկ անգամ շատ սիրել: Թեեւ մտածում եմ, որ չեմ էլ սիրվել, այլ կարծել եմ, թե ինձ սիրել են, որովհետեւ իրական սերը ծնվում է երկու կողմից:

Հոգով դերասա՞ն եք, թե՞ երգիչ:

Ինձ համար երգիչը դերասան է, ու եթե ընտրության առջեւ կանգնել՝ կինո՞, թե՞ բեմ, կընտրեի բեմը, քանի որ ֆիլմն ինձ համար սուտ արվեստ է: Կան ֆիլմեր, որոնք որպես դրամատուրգիա են հանճարեղ, բայց դերասանական արվեստը շատ հզոր պետք է լինի, որպեսզի կարողանա բավարարել: Իսկ եթե երգ կամ թատրոն, ապա՝ օպերա:

Կա՞ մի ֆիլմ, որտեղ ցանկություն ունեք նկարահանվելու:

Այո, շատ են, բայց այդ ֆիլմերն այդքան էլ ճանաչված չեն, որովետեւ կոմերցիոն չեն:

Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:

Հիմա Դրամատիկական թատրոնում բեմադրում ենք մի ներկայացում` Նիլ Սայմոնի «Կենտ զույգ» կատակերգությունը: Ներկայացումը երկու տղամարդու մասին Է: Այն բեմադրել եմ ես, գլխավոր դերում ես ու Սոս Ջանիբեկյանն ենք, ինչպես նաեւ Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Մադոյանը, Լյուսի Հայրապետյանն ու Մարիամ Հայրապետյանը: Ներկայացման պրեմիերան կկայանա նոյեմբերի 14-ին: Հիմա երկու երգի ուղղությամբ եմ աշխատում, որոնք ձայնագրության գործընթացում են: Երկուսն էլ տեսահոլովակ են ունենալու: Ցանկություն ունեմ նաեւ մենահամերգ ունենալ գարնանը, որն առավել վաղ էր նախատեսվում, սակայն բեմադրություններիս պատճառով հետաձգվեց:

Նարե Մովսիսյան



© NEWS.am STYLE