«Պրեմիերայի էի գնացել». Ես հատուցում եմ. «Բեթմեն» (առանց սփոյլերի)

14:15   10 մարտի, 2022

Երկու տարի Գոտեմի փողոցներում արդարադատություն փնտրելով՝ Բեթմենն իր համաքաղաքացիների համար դառնում է անողոք վրեժխնդրության մարմնացում։ Երբ քաղաքում սկսվում է էլիտայի ներկայացուցիչների վրա դաժան հարձակումների շարքը, առեղծվածային հանցանշանները Բրյուս Ուեյնին բերում են հանցավոր աշխարհի ամենամութ անկյունները, որտեղ նա հանդիպում է Կատու կնոջը, Պինգվինին, Կարմայն Ֆալկոնեին և Հանելուկասացին։ Այժմ  նշանակետին հայտնվում է հենց Բեթմենը, որը պետք է տարանջատի ընկերոջը թշնամուց և վերականգնի արդարությունը հանուն Գոտեմի։

Պարզվել է, որ Մեթ Ռիվզին հաջողվել է կոմիքսների հիման վրա ստեղծել գրեթե կատարյալ թրիլլեր։ Նրա չարագործները իսկապես վախեցնում են, իսկ  ճնշող մթնոլորտը ջախջախում է դեռ երիտասարդ և նյարդային Բրյուս Ուեյնին պողպատե արատով:

Բեթմենը չի կարողանում գլուխ հանել: Նա հարվածում է, խենթանում, սովորում, նորից հարվածում: Մենք երբեք չէինք տեսել այսքան կոշտ Բեթմեն, և այս կոշտությունն աճում է անփորձությունից և հանգամանքների առջև անզորությունից: Մոտակայքում չկա հավերժ ճիշտ Ալֆրեդ, և դեռ չկան սուր բարոյական սկզբունքներ։ Բայց հենց այդ պատճառով ամեն ինչ շատ ավելի ուժեղ, բնական և իրատեսական է թվում։

b1.jpg (53 KB)

Ռեժիսոր Մեթ Ռիվզը, որն արդեն թրիլլերների վարպետ է, նույնպես համարձակություն ունի երեք ժամ տևողությամբ ֆիլմ թողարկել բազմոցի վրա ֆիլմեր դիտելու դարաշրջանում: Դիտելով ֆիլմը՝ հասկանում ես, թե ինչու որոշվեց ֆիլմն այդքան երկար նկարահանել։ Այն ունի այնքան անհրաժեշտ սյուժետային գծեր, շատ կերպարներ, և բոլորի համար բավական ժամանակ կա: Թեև տեսարանները երկար են, բայց չկա զգացողություն, որ դրանք ձգձգված են:

Ֆիլմի առավելություններից մեկը ֆիլմի ինքնաբավությունն է։ Եթե ​​անգամ կերպարի մասին ոչինչ չգիտեք, ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։

b3.jpg (69 KB)

Իսկ այ  Մայքլ Ջակինոիի սաունդթրեքը պարզապես հիասքանչ է, հատկապես՝ հենց Բեթմենի թեման:

Ինչ վերաբերում է դերասանական կազմին, ապա այն, ընդհանուր առմամբ, շատ լավն է:

Փոլ Դանան պարզապես գողանում է իր տեսարանները։ Իսկ Ռիդլերի կերպարի նկատմամբ մոտեցումը թարմացվել է մեր ժամանակներին համապատասխան։ Դու հավատում ես նրան, վախենում ես նրանից, ուզում ես նրան Արքխամի ճաղերի հետևում  նստեցնել։

Զոյա Կրավիցը՝ որպես Կատու-կին, հրաշալի է: Նրա քայլվածքը, հայացքը, հարվածները կատարվում են կատվին բնորոշ «շնորհքով»։ Նրա կերպարը չի ներկայացվել որպես զուտ ֆան-սերվիս. նա սյուժեն շարժում է գրեթե Բեթմենի հետ հավասար:

b2.jpg (24 KB)

Պատինսոնը հիանալի տեղավորվում է դեռևս անփորձ, դեռևս անզուսպ, բայց արդեն իսկ բարոյական կողմնացույցի և «մի՛ սպանիր» կոդեքսի տիրապետող Բեթմենի դերում:

Թեև Պատինսոնի հասցեին երկրպագուների կողմից շատ քննադատություններ եղան նույնիսկ դերի հաստատման փուլում, այնուամենայնիվ, նա կարողացավ հիասքանչ մտնել Բեթմենի կերպարի մեջ։

Այսպիսով, մենք ստացանք միանգամայն իրատեսական և նույնիսկ ակտուալ- դեպրեսիվ դետեկտիվ թրիլլեր՝ լավ սյուժեով, թարմացված կերպարներով, ցնցող վիզուալով և մթնոլորտային սաունդթրեքով, որը պահում և չի թողնում սկզբից մինչև վերջ:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE