«Երգ երգոցը» վերադառնում է Հանրայինի եթեր. Խորեն Լեւոնյանն ու Տիգրան Վիրաբյանը՝ հաղորդման նոր եթերաշրջանի ու երկամյա դադարի պատճառի մասին

12:22   12 մարտի, 2022

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջան է վերադառնում հեռուստադիտողի համար, թերեւս, ամենասպասված երաժշտական նախագծերից մեկը՝ «Երգ երգոցը», որն ավելի քան տասը տարվա եթերային հեռարձակումից հետո երկու տարի առաջ հայտարարել էր դադարի մասին: Այսպիսով, վաղվանից սկսած՝ ամեն կիրակի սիրված հաղորդաշարը կրկին կլինի Առաջին ալիքի եթերում, եւ այն հեռուստադիտողի համար շարունակելու է ներկայացնել Խորեն Լեւոնյանը:

Հաղորդման երկամյա դադարի ու նոր եթերաշրջանի ձեւաչափի մասին NEWS.am STYLE-ը զրուցել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի եւ նախագծի հաղորդավար Խորեն Լեւոնյանի հետ:

Երբ երկու տարի առաջ հայտարարվեց «Երգ երգոցի»՝ այլեւս եթեր չհեռարձակվելու լուրը, հեռուստադիտողի ափսոսանքն ակնհայտ էր: Ինչպես նշում է  Տիգրան Վիրաբյանը, Հանրային հեռուստաընկերության շուրջ ցանկացած քննարկում եւս բերում էր տվյալ հարցին՝ ե՞րբ է կրկին եթերում լինելու «Երգ երգոցը».

275423629_1020416072197193_5922743964025697898_n.jpg (67 KB)

«Կարծում եմ՝ նորություն ասած չեմ լինի, եթե փաստեմ այն, որ «Երգ երգոցը» Հանրային հեռուստաընկերության լեգենդար նախագծերից մեկն է, որն ունի տարիների պատմություն, ձեռագիր, որն ամենասիրվածներից է: Նախագիծ, որը սիրելի է ե´ւ երիտասարդների, ե´ւ տարեցների կողմից, եւ  Հանրային հեռուստաընկերությունը կարեւորություն տվեց այս նախագծի վերադառնալուն, ու մենք նոր ձեւաչափով ու մոտեցումներով այն վերականգնեցինք»:

_27A8796.jpg (1.84 MB)

Ըստ Վիրաբյանի՝ նախագծի նոր ձեւաչափն այն է´լ ավելի հետաքրքիր կդարձնի հեռուստադիտողի համար.

«Հաղորդման շուրջ աշխատում են այն մարդիկ, որոնք ստեղծել են այն, ու տարիներ շարունակ եղել են դրանում: Ունենալու ենք նոր նախագիծ՝ պահպանելով «Երգ երգոցի» հին կանոնները: Կառուցվել է նոր տաղավար հաղորդման համար, փոխվել է հարցազրույցների ֆորմատը, երաժշտախումբը, թեմաների ընտրության ձեւաչափը, բայց պահվել է «Երգ երգոցի» հիմնական ողնաշարը»,-վստահեցրեց նա:

_27A9020.jpg (1.34 MB)

Երբ առաջին անգամ հայտարարվեց հաղորդման դադարի մասին, շատերը սկսեցին քննարկել, որ, միգուցե, պատճառը ինչ-որ կոնֆլիկտի մեջ էր, սակայն Խորեն Լեւոնյանը ասում է՝ նման բան երբեք չի եղել.

«Դադարը պայմանավորված չէր ինչ-որ խնդրով, պարզապես մենք ցանկանում էինք փոքր-ինչ այլ կերպ այն շարունակել, իսկ հետո արդեն հայտնի պատճառներով (կորոնավիրուս, պատերազմ) չկարողացանք: Հիմա նոր ասելիք, նոր վերածննդի մտքեր, նոր ուժ, պայքար ու մտածելակերպ ենք ուզում մտցնել այս ամենի մեջ»,-հավելեց նա:

_27A8877.jpg (1.86 MB)

Դերասան-հաղորդավարը նշեց՝ երկու տարիների ընթացքը փոխել է նաեւ իրեն ու իր մտածելակերպը.

«Իմ կյանքը բաժանվել է երկու մասի՝ մինչ 2020-ը, եւ դրանից հետո, ու ես չեմ կարող կրկին անել այն, ինչ անում էի մինչեւ 2020 թ-ը, հիմա այլ կերպ ենք մտածում. կա խնդիր, ու պիտի փորձենք այդ խնդրին, եթե ոչ լուծում, ապա, գոնե, ճիշտ մոտեցում տալ»:

_27A9073.jpg (1.52 MB)

Ըստ Խորենի՝ որքան էլ զարմանալի թվա, կան շատ երգեր, որոնք դեռեւս չբացահայտված են, ու «Երգ երգոցը» փորձելու է դրանք եւս ներկայացնել իր հեռուստադիտողին.

«Մենք տասը տարվա մեջ արել ենք բազում հաղորդումներ, բայց հետո ուսումնասիրեցինք ու հասկացանք, որ հայ երգարվեստի ընդամենը 20 տոկոսն ենք կարողացել ցույց տալ: Իսկ մեր երգերն, իրականում, այնքան շատ են, այնքան մեծ է ասելիքը, որով էլ փորձում ենք առաջնորդվել: Միգուցե, հնչեն երգեր, որոնք հայտնի չլինեն շատերին, բայց դրանք պիտի հնչեն, որովհետեւ դրանք մեր մի մասն են, մեր պատմությունն ու անցյալն են: Ես շատ կարեւորում եմ «Երգ երգոցի» նշանակությունը թե´ իմ,  թե´ հանդիսատեսի կյանքում, որովհետեւ թրքի լացը, որը մեզ երկար տարիներ հրամցրել են, պիտի էլ չլինի, այլ հնչի մաքուր, հայկական երաժշտություն»:

Տարիներ առաջ եթեր հեռարձակվելով՝ «Երգ երգոցը» կարեւորեց ոչ միայն հայկական երաժշտությունը ներկայացնելը, այլեւ՝ երիտասարդներին կրթելը՝ նրանց համար բացահայտելով ազգային արժեքներ համարվող երգերը: Խորենը նկատեց, որ այդ տեսանկյունից էլ հաղորդումն իր առաքելությունը կատարել է.

_27A9213.jpg (1.59 MB)

««Երգ երգոցն» արդեն տասը տարուց ավել փորձում է այնպես անել, որ երիտասարդները իմանան իրենց երգերը, առաջնորդվեն դրանցով, ու կարծես, դա ստացվել է: Շատ հայտնի երգիչներ, երգչուհիներ իրենց համերգներին այսօր կատարում են հին երգերը՝ նոր մոտեցմանբ ու գործիքավորմամբ, եւ բոլոր երիտասարդներն այդ երգերն անգիր գիտեն ու լսում են: Այսինքն, այն սկիզբը, որը դրել է «Երգ երգոցը» արդեն, կարծես, տալիս է իր պտուղները: Ու կեցցեն բոլոր այդ արտիստները, որովհետեւ նրանք շատ մեծ գործ են անում»:

Անդրադառնալով հաղորդման երկարակեցությանը՝ Խորենը նշեց, որ այն իր դիրքերն ամրապնդել է ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար.

_27A8814.jpg (1.43 MB)

«Սկզբում մտադրություն ունեինք հնչեցնել երգեր, խոսել դրանց մասին, սակայն հետագայում ավելի խորացվեց աշխատանքը, ու հաղորդումն ավելի ճանաչողական դարձավ թե´ ինձ, թե´ հեռուստադիտողի համար: Հինն ու նորը միախառնելով՝ մենք փորձեցինք այն, ինչ ունենք, դարձնել ժամանակակից եւ ցույց տալ մարդկանց, որ մենք ունենք մերը: Մենք միշտ սիրում ենք օտարին գովել, օտարին լսել, օտարի պես խոսել ու հագնվել, բայց այդպես, որ լինի, մենք մեզանից մինչեւ վերջ կհեռանանք....»,-հավելեց հաղորդավարը:

Ինչ վերաբերում է Հանրայինի մյուս նորություններին՝ այս եթերաշրջանում կլինի նաեւ մշակութային նոր ծրագիր՝ Բաբկեն Չոբանյանի «էջանիշը», որը ներկայացնում է հայ դասական պոեզիան՝ դերասանների յուրովի մատուցմամբ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE