Terranova. հայկական վաճառքի նրբությունները

18:28   10 նոյեմբերի, 2012

Էժանացված վաճառք (распродажа) կախարդական բառերը կանանց վրա ցանկացած հիպնոզից ուժեղ են ներազդում. աչքերը բոցավառվում են, դրամապանակում, չգիտես որտեղից, գումար է հայտնվում, մեկ էլ՝ ազատ ժամանակ։ Լսելով, որ Terranova - ն փակվում է եւ այդ կապակցությամբ խանութն էժան գներով վաճառքի է հանում իր ողջ ապրանքը, ես, որպես կանացի սեռի իսկական ներկայացուցիչ, տեղիցս ցատկեցի ու, սիրո թեւերին բազմած՝ վազեցի առեւտրի։

30%-10% զեղջեր հայտարարող գույնզգույն ցուցանակներն ավելի քան հրապուրիչ էին։ Իսկ մուտքի մոտ ինձ երկու լուր էր սպասում, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ, ինչպես հայտնի անեկդոտում։ Ըստ ավանդույթի՝ սկսեմ լավից. Պարզվում է, Terranovan չի փակվում, վաճառողուհու խոսքով պարզապես նոր հավաքածու են ստանում, այդ պատճառով էլ զեղչ են հայտարարել։ Իսկ հիմա՝ վատը…

Ի՞նչ եք պատկերացնում, երբ լսում եք ոչ էժանագին խանութում հայտարարված զեղչի մասին։ Անձամբ ես՝ բարձրորակ իրեր, որոնց փոխարինելու է գալիս նոր հավաքածուն (ինչպես եւ ասեցին մուտքի մոտ)։ Տեսականորեն գների նման անկման միակ պատճառը դա պետք է լինի։ Terranova-ում իրոք շատ ապրանքներ նոր էին, կային եւ՝ ամառային ու էժանացրած։ Ճիշտ է, անհրաժեշտ չափսը գտնելը դժվար էր, բայց դա զեղչի ժամանակ նորմալ իրավիճակ է. վաճառքում հիմնականում մնում են պահանջարկ չունեցող չափսերը։

Սակայն, նկատելով համակրելի մի կոմբինեզոն, ես բախվեցի հենց այն նույն՝ «մեղրի տակառում ձյութի գդալի» հետ։ Դրա ճարմանդը պոկված էր։ «Սարսափելի բան չկա», - մտածեցի եւ խնդրեցի վաճառողուհուն փոխել արատավոր իրը։ Ահա այտեղ էլ իմ պատրանքները ջախջախվեցին։ Պարզվում է, որոշ ապրանքներ էժանացվել են հենց այդպիսի անսարքությունների պատճառով։ Դուր է եկել՝ գնիր եւ ձեւափոխիր։ Իսկ ի՞նչ ես ուզում կեսգնի դիմաց։ Եվ թքած, թե աշխարհում տարբրեություն կա «ողջ տեսականու վաճառքի» եւ «արատավոր ապրանքի լիկվիդացիայի» միջեւ։ Դուր չի գաիս՝ մի գնիր։ Նման անշնորհքության սիրահարները, եթե հավատանք դատարկված խանութին, Երեւանում քիչ չեն։

NEWS.am STYLE – ի համար իրավիճակը պարզաբանեց Terranova- ի տնօրեն Արմեն Ասլամազյանը. «մեզ մոտ ամառային շատ մոդելներ են կուտակվել, եւ դրանք վաճառում ենք ցածր գներով։ Իսկ արատավոր ապրանքի մասին ասեմ, որ երբեմն ապրանքը գործարանային խոտանով ենք ստանում։ Եվրոպայում նման դեպքերում ընդունված է ապրանքաքանակը հետ ուղարկել, բայց Հայաստանի գործարաների համար դա շատ թանկ է նստում մաքսային վճարների պատճառով։ Դրա համար էլ որոշեցինք գինն իջեցնել եւ նման ապրանքները վաճառել ամառային մոդելների հետ միասին։ Ով կուզի՝ կգնի, եթե ոչ՝ սարսափելի ոչինչ չկա՝ թող այդպես էլ մնան»։

Տեքստը՝ Անահիտ Գրիգորյանի



© NEWS.am STYLE