«Կփորձենք ֆիլմը ներկայացնել Netflix, Hulu եւ Amazon հարթակներին». ցեղասպանությունից փրկվածների մասին՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում

14:34   19 մարտի, 2022

Մարտի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի պրեմիերան: Վավերագրական այս դրաման պատմում է ցեղասպանությունից փրկվածների ու նաեւ այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն եւ ասորի ժողովուրդները:

«Այս ֆիլմը նաեւ մեր՝ հայերիս համերաշխության քայլն է մեր բախտակից ժողովուրդներին՝ որպես քրիստոնյաներ: Փորձել ենք ավելի համամարդկային դարձնել դրա պատմությունը, որը ոչ միայն մարդասիրական տեսանկյունից էր կարեւոր քայլ, այլեւ՝ մարքեթինգային. այն կնպաստի ֆիլմի ավելի լայնամասշտաբ տարածմանը: Մեր առաջին պատմության՝ «Փրկության քարտեզի» առանցքը Հայոց ցեղասպանությունն էր, ինչը որոշակի վերապահումների հանդիպեց, իսկ այս մեկն ընդհանուր՝ համամարդկային ողբերգության մասին է»,-ֆիլմին նախորդող ասուլիսի ժամանակ նշեց մտահղացման հեղինակ և պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը: Ըստ նրա՝ Ֆիլմի հանրաճանաչման համար արդեն որոշակի գործողություններ եւ կարեւոր բանակցություններ են տարվում,-«Պետք է փորձենք այն ներկայացնել նաեւ Netflix,  Hulu եւ Amazon հարթակներին»,-հավելեց Սարիբեկյանը:

275875485_656924245584479_3963071367521782336_n.jpg (139 KB)

Վավերագրական դրամայի օրիգինալ լեզուն անգլերենն է. այն առայժմ թարգմանված է միայն հայերենով, սակայն պրոդյսւսերը չբացառեց, որ ֆիլմը հետագայում կթարգմանվի այլ լեզուներով եւս:

Բեմադրող օպերատոր Աշոտ Մկրտչյանն, անդրադառնալով վավերագրության բարդություններին, պատմեց, որ ստիպված է եղել որոշ նկարահանումներ շատ զգույշ կատարել՝ համապատասան թույլտվությունը չստանալու պատճառով: Նրա խոսքով՝ խնդիրները շատ էին, սակայն նկարահանումները հետաքրքիր են անցել: Ասում է՝ միայն ափսոսում է, որ շատ կադրեր դուրս են մնացել ֆիլիմից:

Ամերիկացի բարի սամարացիները, 1080x771.jpg (577 KB)

Խոսելով նկարահանումների մյուս դժվարություններից՝ Մանվել Սարիբեկյանը հավելեց,-«Մենք շատ զգույշ նկարահանումներ ենք ունեցել: Արդեն գիտենք՝ ինչպես աշխատել, որպեսզի չբախվենք խնդիրների: Իսկ Թուրքաիայից թույլտվություն խնդրելը նկարահանման համար աբսուրդ է: Ես երբեք չեմ փորձել, քանի որ դա ապարդյուն գործ է լինելու»:

Ֆիլմում օգտագործվել են նաև խաղարկային դրվագներ: Որպես պատմող նկարահանվել է ամերիկացի ցեղասպանագետ Փոլ Լեւինը:  Հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ վավերագրական պատմություններից մեկը հետագայում վերածվի խաղարկային ֆիլմի, պրոդյուսերը պատասխանեց.

«Եթե լինի այնպիսի մի սցենար, այնպիսի ռեժիսոր, որն ինձ կոգեւորի, կփորձենք աշխատել նաեւ խաղարկային ֆիլմի շուրջ»:

275839352_342581431217168_5610703481540699064_n.jpg (184 KB)

«Ամերիկացի բարի սամարացիները» «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Փրկության քարտեզն» էր, որը պատմում է եվրոպացի հինգ Մեծ հումանիստ կանանց կյանքի եւ Հայոց ցեղասպանության տարիներին նրանց մարդասիրական առաքելության մասին: Այն էկրան է բարձրացել 2015թ-ի ապրիլին, թարգմանվել 13 լեզուներով եւ ցուցադրվել է  արդեն 20 երկրների բազմաթիվ քաղաքների սրահներում, հայաստանյան հեռուստաալիքներով, գնացքներում եւ համացանցում: «Փրկության քարտեզ» ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է:

Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի եւ Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների եւ թանգարանների փաստագրական նյութերը: Որպես խորհրդատուներ պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի եւ Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ:  

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի հեղինակը Մանվել Սարիբեկյանն է, սցենարի հեղինակը՝ Ամբեր Կարլինսը,  բեմադրող ռեժիսոր՝ Արա Մնացականյան, օրիգինալ երաժշտության հեղինակ՝ Արտաշես Քարթալյան, բեմադրող օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, մոնտաժը՝ Տիգրան Բաղինյանի: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին՝ Լոս Անջելեսում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE