NEWS.am STYLE-ի handmade անկյունը. «Էդվարդ» վզնոց Աննա Սարգսյանից

19:13   6 նոյեմբերի, 2013

Երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներների համար շատ դժվար է ճանաչում ձեռք բերել: Հենց սկսնակների համար էլ NEWS.am STYLE-ը բացում է նոր խորագիրը: Եթե կարողանում եք սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել, ապա նամակներ եւ լուսանկարներ ուղարկեք [email protected] հասցեով:

Հերթական նամակը Աննա Սարգսյանից է:

«Այս յուրօրինակ վզնոցը գեղեցիկ է, էկոլոգիապես մաքուր եւ շատ հեշտ է պատրաստել:

Այստեղ գլխավորը կորիզներն են: Կարող են լինել ձիթապտղի, ընդ որում՝ սեւ եւ կանաչ ձիթապտղի կորիզները տարբերվում են գույնով եւ գեղեցիկ հակադրություն են ստեղծում: Կարող եք օգտագործել նաեւ բալի կամ հոնի կորիզներ:

Կարծում եմ՝ յուրաքանչյուր տնային տնտեսուհու համար հաճելի է գովեստներ լսել ոչ միայն խոհարարական, այլեւ ստեղծագործական հմտությունների վերաբերյալ:

Եվ այսպես: Խնջույքից կամ թեյի սեղանից հետո մնացած կորիզները լավ լվանալ, մաքրել ուտելի մնացորդները, չորացնել եւ սրաքարով սուր ծայրերը հարթեցնել՝ այն դարձնելով հարթ եւ մի քանի միլիմետր տրամագծով մակերես:

Հետո դիմում ենք երկու հարթաշուրթի օգնությանը: Մեկով մեջտեղից բռնում ենք կորիզը, իսկ երկրորդով` ոչ շատ մեծ մեխը: Մեխը կրակի վրա տաքացնում ենք եւ դրանով կորիզի վրա անցք բացում: Այն պետք է երկու կողմից ծակել, ինչպես թունելն են փորում:

Պատրաստի ուլունքները լաքապատել եւ անցկացնել ամուր թելի վրա»:



© NEWS.am STYLE