«Այլ երգչից որոշ բաներ վերցնելը հեշտ է, բայց դա կոչվում է կրկնօրինակում». Արետա Ֆրանկլինն այսօր կդառնար 80 տարեկան

18:05   25 մարտի, 2022

Այսօր՝ մարտի 25-ին, ծնվել է ամերիկացի հայտնի երգչուհի Արետա Ֆրանկլինը: «Սոուլի թագուհին», ինչպես արտիստուհուն էին անվանում, կդառնար 80 տարեկան:

Արետան երգել սկսել է փոքր տարիքից՝ այն եկեղեցում, որտեղ աշխատում էր իր հայրը: 18 տարեկանում նա լրջորեն սկսում է զբաղվել երգչուհու կարիերայով՝ պայմանագիր կնքելով Columbia Records-ի հետ, սակայն նրա կարիերան վերելք է ապրում Atlantic Records-ի հետ համագործակցությունից հետո: Նրան հայտնի են դարձնում այնպիսի հիթերը, ինչպիսիք են՝ I Never Loved a Man, Respect, A Natural Woman, Chain of Fools, Think, I Say a Little Prayer եւ այլն:

Երգչուհին երկու անգամ հայտնվել է Rolling Stone-ի «Բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստները» ցուցակի 9-երորդ հորիզոնականում:

Արետա Ֆրանկլինը մահացել է 2018 թ-ի օգոստոսի 16-ին՝ 76 տարեկանում: Լեգենդար երգչուհին, սակայն, մինչ օրս ամենամեծ վաճառք գրանցող արտիստներից է:

Խոսելով իր երաժշտության մասին՝ Ֆրանկլինն ասել է՝ «Ես երգում եմ ռեալիստների համար՝ մարդկանց, որոնք ամեն բան ընդունում են այնպես, ինչպես՝ կա»:

265536734_448677806629852_5975985413744558047_n.jpg (425 KB)

Արտիստի մյուս մեջբերումներից մի քանիսն առանձնացրել ենք ստորեւ.

«Չի կարելի բնորոշել մարդուն միայն մեկ արարքով. չպետք է մոռանալ այն բոլոր լավ բաները, որոնք տվյալ մարդն արել է, պարզապես այն պատճառով, որ նրա մեկ արաքը քեզ դուր չի եկել»:

«Երաժշտությունը շատ մեծ ներգործություն է ունենում մարդկանց վրա, այն տեղափոխելու ունակություն ունի՝ կարող է քեզ տանել հետ, հիշեցնել մի հատուկ պահ: Այն բարձրացնում է, քաջալերում ու ուժ տալիս»:

«Երբեմն այն, ինչ փնտրում ենք, գտնվում է հենց մեր առջեւ»:

«Երբ Աստված քեզ սիրում է, դրանից ավելի լավ բան չի կարող լինել»:

171250_489304952810_5998036_o.jpg (198 KB)

«Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, բայց աշխարհում դեռ այնքան խտրականություններ կան»:

«Ոչ ոք պարտավոր չէ դիմացինին ինչ-որ բան տալ, այնպես որ՝ գնահատեք այն, ինչ ձեզ տալիս են»:

«Ինձ համար պատիվ է, եթե ես կարողանում եմ ոգեշնչել երիտասարդ արտիստներին, դա նշանակում է՝ ես իմ աշխատանքը ճիշտ եմ արել»:

«Բոլորն էլ ցանկանում են ունենալ հարգանք, անգամ՝ երեք տարեկան երեխան»:

«Երգչի համար հեշտ է երբեմն այլ երգչից որոշ բաներ վերցնելը, բայց դա կոչվում է կրկնօրինակում»:

«Ցանկացած ծնունդ նվեր է. ցանկացած օրն, առհասարակ,պարգեւ է»:

Լուսանկարները՝  Facebook-ից



© NEWS.am STYLE