Ուիլ Սմիթը հեռանում է ԱՄՆ կինոակադեմիայից

10:01   2 ապրիլի, 2022

Դերասան Ուիլ Սմիթը լքում է Ամերիկյան կինոարվեստների ակադեմիան՝ շոումեն Քրիս Ռոքի հետ վերջերս տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Այս մասին գրում է Deadline-ը։

Ավելի վաղ, Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի կառավարիչների խորհուրդը Սմիթի դեմ նախաձեռնել է ինքնահռչակ «կարգապահական վարույթ»։

««Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ իմ գործողությունները ցնցող էին, ցավոտ եւ աններելի։ Նրանց ցուցակը, ում ես վիրավորել եմ, երկար է եւ ներառում է Քրիսին, նրա ընտանիքին, իմ շատ սիրելի ընկերներին եւ սիրելիներին, բոլոր ներկաներին եւ հանդիսատեսին ամբողջ աշխարհից․․․ Ես դավաճանել եմ ակադեմիայի վստահությանը», - ասվում է Սմիթի հայտարարության մեջ, որը մեջբերում է պարբերականը։

Դերասանը հայտարարել է, որ «վշտացած է», սակայն պատրաստ է «ամբողջությամբ ընդունել» իր վարքագծի ցանկացած հետեւանք:

Հոլիվուդյան դերասանը մարտի 27-ին «Օսկարի» հանձնման արարողության ժամանակ բեմ է բարձրացել եւ ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին՝ Սմիթի կնոջ «շատ կարճ սանրվածքի» մասին կատակի պատճառով։ Ջադա Պինկետ-Սմիթն ունի աուտոիմունային հիվանդություն, եւ նրա մազերը թափվում են։



© NEWS.am STYLE