HBO Max-ը «Շերլոք Հոլմսի» երկու սերիալային սփին-օֆեր կթողարկի

18:12   6 ապրիլի, 2022

HBO Max սթրիմինգային հարթակը «Շերլոք Հոլմս» ֆիլմերի հիման վրա երկու սերիալ կթողարկի․ ժապավենները Գայ Ռիչիի կողմից նկարահանվել են 2009 եւ 2011 թվականներին։ Նախագծերի վրա կաշխատեն ֆիլմերի ստեղծմանը մասնակցած սցենարիստ-պրոդյուսեր Լայոնել Ուիգրեմն եւ դերասան-պրոդյուսեր Ռոբերտ Դաունի կրտսերը։ 

Ռոբերտ Դաունի կրտսերի եւ Ջուդ Լոուի մասնակցությամբ ֆիլմերը, որոնք էկրաններին մարմնավորում էին հանճարեղ խուզարկու Շերլոք Հոլմսի եւ նրա հավերժական ուղեկցի՝ բժիշկ Վաթսոնի կերպարները, վարձույթում լուրջ հաջողություն են գրանցել, իսկ այժմ մեկնարկել է շարքի երրորդ ֆիլմի արտադրությունը։

Նոր ժապավենին, որի ռեժիսորը կլինի «Ռոքեթմենը» նկարահանած Դեքսթեր Ֆլեթչերը, HBO Max-ի համար երկու սերիալ պետք է միանա, որոնք կկենտրոնանան սպասվող ֆիլմի որոշ կերպարների վրա։

Շերլոք Հոլսմի մասին ֆիլմերը Warner Bros.-ին վարձույթից 524 միլիոն դոլարի եկամուտ են բերել։

Աղբյուրը՝ Ridus

 



© NEWS.am STYLE