Հայաստանում մեկնարկել է երկար սպասված Նորաձեւության շաբաթը (ֆոտոռեպորտաժ)

18:25   8 նոյեմբերի, 2013

Armenian Fashion Week-ի պաշտոնական բացումից օրեր առաջ նորաձեւության հայ սիրահարները շունչը պահած սպասում էին լայնամասշտաբ նոր նախագծի մեկնարկին, որը վերջապես վերջ կդներ Հայաստանում Նորաձեւության շաբաթ կազմակերպելու՝ որոշ դիզայներների եւ այդ ոլորտի գիտակների ջանքերին: Այդ կերպ մեր երկիրն այս ոլորտում առաջ անցավ հարեւան պետություններից եւ աշխարհին ապացուցեց, որ Հայաստանը նույնպես կարող է մեկ շաբաթ շարունակ հպարտանալ բարձր մակարդակով կազմակերպված ցուցադրություններով եւ դիզայներների ներկայացրած հավաքածուներով:

Հավակնոտ սպասելիքներն արդարացան նոյեմբերի 7-ի ուշ երեկոյան, երբ «Tsaghkadzor Marriott Hotel»-ում իրենց հավաքածուները ներկայացրեցին Մոսկվայից հրավիրված դիզայներներ Յուլիա Դալլաքյանն ու Լյուդմիլա Նորսոյանը: Եվ, հավատացեք, սրանք պարզապես սկսնակների անուններ չեն, այլ նորաձեւության արդյունաբերության ճանաչված եւ փորձառու գիտակների, ովքեր տարիներ շարունակ հավաքածուներ են ներկայացնում ինչպես մոսկովյան, այնպես էլ արտասահմանյան հանդիսատեսին: Այս դիզայներների ստեղծած հագուստներին ցանկանում են ծանոթանալ բարձր նորաձեւության բազմաթիվ սիրահարներ:

Միջոցառումը հավաքել էր հայկական էստրադայի, հեռուստատեսության աստղերին, հարեւան երկրներից հյուրերի եւ, իհարկե, նորաձեւության տեղական սիրահարների: Ամբողջ երեկոյի ընթացքում ջերմ եւ ընկերական մթնոլորտ էր տիրում:

Հիշեցնենք, որ Armenian Fashion Week-ի կազմակերպիչների նպատակն է արտասահմանյան դիզայներներին ներգրավել հայկական նորաձեւության արդյունաբերության մեջ, Հայաստանում զարգացնել եւ առաջ տանել բարձր նորաձեւությունը, միջազգային համագործակցություն ստեղծել Fashion եւ Beauty արդյունաբերության մասնագետների հետ:

Նորաձեւության շաբաթվա երկրորդ օրն իրենց աշխատանքներն են ներկայացնելու Գեորգի Ռեբուրիան (Վրաստան), Անահիտ Սիմոնյանը (Հայաստան) եւ Ալեքսանդր Հարությունովը (Մոսկվա):

Գրեգ Ադամս

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE