«Պրեմիերայի էի գնացել». զվարճալի եւ արագ. «Սոնիկ 2» (առանց սփոյլերի)

13:15   16 ապրիլի, 2022

Հաստատվելով Գրին Հիլզում՝ Սոնիկը փորձում է ապացուցել, որ ունի իրական հերոս դառնալու բոլոր հնարավորությունները: Իսկ հերոսական փորձությունը չի ուշանում․ չարագործ բժիշկ Ռոբոտնիկը նորից դավադրություն է կազմակերպում առեղծվածային զուգընկերոջ՝ Նակկլզի հետ: Նրանք միասին փնտրում են անգին զմրուխտ, որը պարունակում է ուժեր, որոնք կարող են ոչնչացնել ամբողջ ցիվիլիզացիան:

Եթե ​​առաջին ֆիլմը պարզապես ծանոթություն էր Սոնիկի հետ, ապա շարունակության մեջ հանդիսատեսը տեսավ արկածներ, տվյալ ֆիլմի  տիեզերքի վերաբերյալ պատմություններ և բացատրություններ այն բաների մասին, որոնք առաջին ֆիլմը չէր կարող բացատրել: Արդյո՞ք ֆիլմը արդարացրեց սպասելիքները: Կարծում եմ՝ ավելի շատ՝ այո, քան ոչ:

Շատ դուր եկավ այն փաստը, թե որքան ուշադիր է Paramount-ը օգտագործում խաղի տիեզերքի կանոնն ու գիտությունը: Իրականում նրանք հեծանիվներ չեն հորինել, բայց նաև կրկնությամբ չեն զբաղվել:

s1-1.jpg (66 KB)

Շարունակությունը մեզ ներկայացնում է նոր հերոսներ, նոր վայրեր, գլխավոր հերոսին ուղղված նոր մարտահրավերներ, մասնավորապես, թե ինչ է նշանակում հերոս լինել: Իսկ հերոսությունը ոչ միայն  չարագործներին դիմակայելն է, այլև պատասխանատվություն կրելը սեփական արարքների և նրանց համար, ում համար պատասխանատու ենք: Իսկ գլխավոր հերոսը դեռ պետք է հասկանա այս ճշմարտությունը։

Ոմանց համար ֆիլմը կարող է որոշ չափով միամիտ և անլուրջ թվալ, բայց այստեղ պետք է նաև հիշել, որ սա խաղի հերոսների արկածների ադապտացիա է:

s2-1.jpg (47 KB)

Ինչպես սպասվում էր շարունակության մեջ, Ջեֆ Ֆաուլերը կընդլայնի Սոնիկի տիեզերքը՝ ներառելով այլ աշխարհների կերպարներին: Սա մի քիչ բացասական պատկեր է, քանի որ հիշեցնում է «Ռալֆը ընդդեմ ինտերնետի» մուլտֆիլմը, որտեղ շատ կերպարներ կան, որոնք բացահայտված չեն, քանի որ ամեն ինչ ֆոնի համար է։

Դերասանական կազմից, իհարկե, գոհացրեց Ջիմ Քերին, ով, ինչպես նախորդ անգամ, հաճույքով է խաղում Սոնիկի դասական հակառակորդի՝ դոկտոր Ռոբոտնիկի դերը։

Արդյունքում․

s3-1.jpg (47 KB)

«Սոնիկ 2»-ը մանկության սիրելի հերոսի մասին հիանալի շարունակությունն է: Ճիշտ այնպես, ինչպես իր նախորդը, այն նույնպես ապագա ֆիլմերի ակնկալիքներ է ստեղծում: Հուսով եմ՝  կրկին կտեսնենք Ջիմ Քերիին այս կերպարում, ինչպես նաև Սոնիկի խաղերի բոլոր հերոսներին։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE