20:12 9 նոյեմբերի, 2013Մոսկովյան բոմոնդի սիրելի դիզայներ Ալեքսանդր Հարությունովը Հայկական նորաձեւության շաբաթվա երկրորդ օրը Tsaghkadzor Marriott Hotel-ում հավաքված հյուրերին ուրախացրեց միջատների նկարներով զգեստներով, որոնք միախառնվում էին վրացական ազգային մոտիվներին:
Մանեկեններին դիզայների միանգամից երկու՝ նախորդ ձմեռային եւ հաջորդ սեզոնի հավաքածուներից զգեստներ էին: Եվ մինչ առաջին հյուրերը հիանում եւ լուսանկարվում էին այդ ամբողջ գեղեցկության ֆոնին, ներկաների գեղագիտական վայելքն ընդհատեց հայկական սիրված երգչուհի Անահիտ Սիմոնյանը: Նա փորձում էր անձամբ ողջունել բոլոր հյուրերին եւ նրանց ուրախացնել ջրահարսի նմանվող իր զգեստով:
Մի ամբողջ ժամ տեւած ֆոտոսեսիայից եւ հարցազրույցներից հետո հյուրերին վերջապես հրավիրեցին զբաղեցնել իրենց տեղերը: Այդ ընթացքում հասցրեց ժամանել նաեւ երգիչ Հայկոն՝ ցանկանալով, հավանաբար, աջակցել երիտասարդ կնոջը:
Ցուցադրությունը սկսվեց ուկրաինական դիզայներ Հայկ Ավանեսյանի փայլուն հավաքածուի ներկայացմամբ: Վրաստանից ժամանած մոդելները ցնցող տեսք ունեին: Առաջին ցուցադրությունից հետո 7 զգեստից բաղկացած իր հավաքածուն ներկայացրեց երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով սկսել է ուժերը փորձել նորաձեւության աշխարհում:
Հյուրերը բուռն ծափահարություններով ընդունեցին երեկոյան եւ կոկտեյլային զգեստներից բաղկացած երգչուհու հավաքածուն: Ավանդույթի համաձայն, երեկոյի հյուրերի համար նաեւ հյուրասիրություն էր նախատեսված:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի