«Խարդախը Tinder-ից» ֆիլմից հայտնի Սայմոն Լեւաեւին ձերբակալել են Իսպանիայում

10:09   23 ապրիլի, 2022

Դեռ չե՞ք մոռացել Tinder-ի ամենահայտնի խաբեբա Սայմոն Լեւաեւի մասին: Պարզվում է, որ տղամարդուն ազատազրկում է սպառնում, նրան մեղադրում են կեղծ վարորդական վկայական օգտագործելու մեջ։

Ըստ TMZ-ի՝ 100,000 դոլարով վարձակալած Maserati-ն, որը տեղափոխում էր Սայմոնին եւ նրա նոր ընկերուհուն, արգելափակվել է իսպանական լողափում: Իրավապահների ժամանելուց հետո Սայմոնը նրանց ներկայացել է ոչ իր իսկական անունով։ Ոստիկանները, որոնք դիտել են Netflix-ի վավերագրական ֆիլմը, անմիջապես իմացել են, թե ում հետ գործ ունեն: Դրանից հետո տղամարդուն բերման են ենթարկել։ Այժմ նրան իսկական ազատազրկում է սպառնում։

Հիշեցնենք, որ «Խարդախը Tinder-ից»-ը պատմում է խաբեբա Սայմոն Լեւաեւի իրական պատմությունը, որն իր զոհերին գտել է Tinder ծանոթությունների հավելվածում։ Նա գիտեր, թե ինչպես գայթակղել աղջիկներին, որպեսզի նրանք պատրաստ լինեն իրեն տալ իրենց վերջին գումարը։ Այսպիսով, նա սիրահարված զոհերից «վաստակել է» ավելի քան 10 միլիոն դոլար։



© NEWS.am STYLE