Անի Խաչիկյանը, Հայկ Հովհաննիսյանը, Լիա Զախարյանը, Զիրոյանը եւ այլ հայտնիներ՝ Անի Մաղաքյանի նոր սերիալում (ֆոտո)

14:31   28 ապրիլի, 2022

Սցենարիստ Անի Մաղաքյանը շուտով հեռուստադիտողի դատին կհանձնի եւս մեկ պատմություն՝ սերիալի տեսքով: Անիի նոր աշխատանքը կոչվում է «Ապրիր ինձ հետ». այն 24 մասից բաղկացած ֆիլմ է, որը հեռարձակվելու է «Նոր Հայաստան» հեռուստաալիքով: Սերիալի գլխավոր հերոսներին մարմնավորում են Անի Խաչիկյանն ու Հայկ Հովհաննիսյանը, ընդգրկված են նաեւ այլ հայտնի դերասաններ, որոնց անուններն ու սցենարային մյուս մանրամասներն Անին բարձրաձայնել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում:

279165060_644336430522657_5877589314184561433_n.jpg (744 KB)

 «Սերիալը դրամա է՝ համեմված հումորով, դրական էմոցիաներով, թեեւ թեման բավական լուրջ է, բայց ամեն ինչ արել ենք դեպրեսիվ ու բացասական էմոցիաներից զերծ մնալու համար։ Մեր նպատակն էր ցույց տալ, որ, անկախ ամեն ինչից, կյանքը շարունակվում է»,-նշեց Անին,-«Սցենարը սկսել եմ գրել նոյեմբերից։ Դեկտեմբերին մի մասը պատարստ էր, բայց ողջ ձմեռ աշխատել եմ սցենարի շուրջ: Վերջին սերիաներն ավարտել եմ նկարահանումներից օրեր առաջ։ Ավելի քան հինգ ամիս այս պատմությունն ինձ հետ է, վստահ եմ, որ արդյունքը լավ է ստացվել, եւ հեռուստադիտողը շուտով հնարավորություն կունենա գնահատելու այն»,-հավելեց նա:

Սցենարիստի նոր պատմությունն էկրանավորում է ռեժիսոր Հայկ Վարդանյանը, որը բազմիցս աշխատել է Անիի սցենարների շուրջ.

«Միասին աշխատել ենք «Էլենի օրագիր», «Երկուսով», «Բեկորներ» նախագծերի շուրջ։ Սա տարիների համատեղ աշխատանք է, որը թույլ է տալիս ճանաչել միմյանց ձեռագրերը, կես բառից հասկանալ իրար։ Ուրախ եմ, որ նաեւ այս ձեւաչափում ենք համատեղ նախագիծ անելու»:

279218837_413020746981675_5417916443611634157_n.jpg (195 KB)

Անդրադառնալով ֆիլմի պատմությանն ու գլխավոր հերոսներին՝ Անին մանրամասնեց.

«Վերնագիրն արդեն հուշում է՝ պատմությունը կյանքի մասին է, կյանքը սիրելու, կյանքի ամեն վայրկյանը գնահատելու մասին։ Այն մասին, որ մեզանից է կախված՝ կապրենք լիարժե՞ք կյանքով, թե՞ թույլ կտանք հուսահատությունն ու տխրությունը հաղթեն։ Գլխավոր հերոսները Լինան եւ Լեւոնն են։ Հերոսուհին կյանքի շատ բարդ փուլում է. երբ թվում է այլեւս իմաստ չկա պայքարելու, հանդիպում է կյանքն ամբողջովին աշխատանքին ու կարիերային նվիրած հերոսին։ Նրանք իրար մեջ փրկություն են գտնում։ Առաջինը գտնում է համախոհի, իրեն լիովին հասկացող մարդու, երկրորդը վերագտնում է ինքն իրեն, վերադառնում իր երբեմնի երազանքներին ու մարդկային տեսակին։ Հերոսուհուն մարմնավորում է Անի Խաչիկյանը, հերոսը Հայկ Հովհաննիսյանն է: Ֆիլմում զբաղված են նաեւ Ռոբերտ Հակոբյանը, Լիա Զախարյանը, Զիրոյանը, Կարեն Ճաղարյանը եւ այլք։ Պատմությունը շատ չեմ ծանրաբեռնել կերպարներով, որպեսզի հնարավորինս շատ տեղ ու ժամանակ տրամադրվի գլխավոր հերոսների պատմությանը։ Այնուամենայնիվ լավ կազմ է հավաքված, ինչն, իհարկե, չի կարող անտարբեր թողնել»:

279094395_5092299984142601_1391037041852618006_n.jpg (383 KB)

Ինչ վերաբերում է սերիալի եթերային մեկնարկին, Անին նշեց, որ դեռեւս դժվարանում է ժամկետներ նշել, քանի որ նկարահանումները բոլորովին վերջերս են սկսել, սակայն հույս հայտնեց, որ, միգուցե, ամռանն արդեն հեռուստադիտողը կկարողանա հետեւել «Ապրիր ինձ հետ» սերիալի հերոսների կյանքի հետաքրքիր զարգացումներին:

Մինչ այդ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի լուսանկար՝ նկարահանումների բեքսթեյջից:

279010389_1205002846903406_4236013671106063409_n.jpg (306 KB)

279059670_1025646725000190_7404124453265038601_n.jpg (305 KB)

279225739_457689049489042_1988706506703243489_n.jpg (320 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE