Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու ֆրանսահայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը Երեւանում կունենան համատեղ համերգ. երաժիշտները՝ ծրագրի ու համագործակցության մասին

20:23   30 ապրիլի, 2022

Մայիսի 1-ին՝ Արամ Խաչատյան համերգասրահում, տեղի կունենա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը, որի հատուկ հյուրն է լինելու ֆրանսահայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը: Աշխարհահռչակ թավջութակահարը երկարատեւ դադարից հետո վերադառնում է հայկական բեմ, ինչով էլ համերգն առանձնահատուկ ու կարեւոր է համարում: Այսօր` ապրիլի 30-ին կայացած ասուլիսի ժամանակ, Նարեկ Հախնազարյանն ու ժան-Պոլ Գասպարյանը լրագրողների հետ կիսվել են իրենց սպասումներով ու առաջին համատեղ համերգի մանրամասներով:

146566561_273235367495924_8356552776631107717_n.jpg (143 KB)

«Հետաքրքիր համերգ է սպասվում, շատ ուրախ եմ, որ Ժան-Պոլը կարողացավ գալ Հայաստան, առաջին անգամ ենք միասին ելույթ ունենալու, բայց արդեն փորձեր արել ենք, ու դրանք շատ հաճելի են անցնում: Ծրագրի մեջ փորձել ենք ստեղծել կամուրջ` եվրոպական ու ռուսական մշակույթների, առաջին մասում կհնչի ֆրանսիական ու բելգիական երաժշտություն, իսկ երկրորդ մասում՝ ռուսական` սովետական երաժտություն»,-մանրամասնեց թավջութակահարը` տեղեկացնելով, որ համերգային ծրագրում ընդգրկված կլինեն Մասնեի, Ֆրանկի, Չայկովսկու եւ Շոստակովիչի ստեղծագործություններից:

Ֆրանսահայ երաժիշտ Ժան-Պոլ Գասպարյանի համար եւս համերգը նշանակալից է, հատկապես, որ առաջին անգամ է համագործակցում Հախնազարյանի հետ:

276322124_962115327808426_4849200996871940003_n.jpg (136 KB)

«Առաջին անգամ Հայաստան եկել եմ անցած տարի` հոկտեմբերին` «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում, եւ հենց այդ ժամանակ էլ հանդիպել եմ Նարեկին, սակայն դեռ չէի պատկերացնում, որ վերադառնալու առիթ եմ ունենալու, որ հաջորդ անգամ բեմը կիսելու եմ հենց Նարեկի հետ»,-ասաց հայտնի դաշնակահարը: Երաժիշտը նախորդ 6 ամիսների ընթացքում 3 անգամ հասցրել է լինել Հայաստանում.
«Երեւանում եղել եմ նաեւ մոտ մեկ ամիս առաջ, նվագել եմ Արամ Խաչատրյան համերգասրահում` դիրիժոր Սերգեյ Սմբտյանի հետ համագործկցությամբ»,-պատմեց նա:

Անդրադառնալով Նարեկ Հախնազարյանի հետ համագործակցությանը` նա հավելեց, որ անսպասելի է ստացել առաջարկը, բայց սիրով է ընդունել.

279067856_981558685864090_307501480880410664_n.jpg (431 KB)

«Ես Ամերիկայում էի, երբ մենեջերիցս նամակ ստացա, որտեղ ասվում էր` ի՞նչ կասես, եթե ասեմ, որ մայիսի 1-ին Նարեկ Հախնազարյանն առաջարում է, որ լինես Երեւանում ու իր հետ համատեղ համերգ ունենաս: Ես անմիջապես տվեցի իմ համաձայնությունը: Հուսով եմ, որ այս համերգը կդառնա մեծ ընկերության սկիզբ ու առիթ կհանդիսանա հետագա համագործակցությունների համար»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Հախնազարյանի մյուս ծրագրերին` նա նշեց, որ մայիսը հագեցած է լինելու համերգային շրջագայություններով, բայց հույս հայտնեց, որ հունիսին կվերադառնա հայրենիք:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Marco Borggreve, եւ երաժիշտների ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE