Met Gala-ին առաջին անգամ հրավիրված են Քարդաշյան քույրերը

13:12   2 մայիսի, 2022

Vogue-ի խմբագիր Աննա Վինտուրն առաջին անգամ Met Gala-ին հրավիրել է Քարդաշյան ընտանիքի բոլոր անդամներին, որոնք երբեք ներկա չեն եղել միջոցառմանը, հայտնում է Page Six-ը։

Աղբյուրը պարբերականին հայտնել է, որ «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի հրավերով՝ ամենամյա պարահանդեսին ներկա կլինեն Քիմ Քարդաշյանն ընկերոջ՝ Փիթ Դեւիդսոնի հետ, նրա մայրը՝ Քրիս Ջենները եւ քույրերը՝ Քենդալ եւ Քայլի Ջեններներն, ինչպես նաեւ Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները, որոնք միջոցառմանն առաջին անգամ կմասնակցեն։ Քորթնիին կընկերացնի նրա սիրելին՝ երաժիշտ Թրեւիս Բարքերը։

Նշվում է, որ պարահանդեսին ներկա չի լինի Քայլի Ջենների փեսացուն՝ Թրեւիս Սքոթը, որը հազվադեպ է հանրությանը ներկայանում նախորդ տարվա նոյեմբերին Հյուսթոնում համերգի ընթացքում մի քանի մարդու մահվանից հետո։

Աննա Վինտուրը հյուրերի ցանկը կազմում է 1995թ․-ից եւ յուրաքանչյուր տարի խնամքով ընտրում է մասնակիցներին։ Նախորդ տարի հաղորդվում էր, որ Քլոեն եղել է հյուրերի ցանկի վերջում՝ «պահեստայինների նստարանին»։



© NEWS.am STYLE